ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը դեկտեմբերի 2-ին Ազգային ժողովում շրջանառության մեջ է դրել «Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է Քրեական օրենսգիրքը լրացնել նոր հոդվածով, որը, ըստ պատգամավորի, կանոնակարգվելու է սուտ տեղեկություն տարածելու համար նախատեսվող քրեական պատասխանատվությունը։
Ֆեյքնյուզն այսօր համաշխարհային խնդիր է, և դրա լուծումները տարբեր երկրներ փորձում են յուրովի գտնել։ Օրինակ՝ զարգացած երկրներից Ֆրանսիայում, Գերմանիայում, Սինգապուրում օրենքներ են ընդունվել։ Վերջերս Ռուսաստանում նույնպես օրենք է ընդունվել, թեպետ, այնտեղ իշխանությանը վիրավորելը նույնպես քրեականացված է։ Ըստ ձեզ՝ Արման Բաբաջանյանի նախաձեռնությունը որքանո՞վ կնպաստի խնդրի լուծմանը՝ առնվազն զսպող ազդեցություն կունենա՞, թե՞ ոչ․ «Առաջին լրատվական»-ի հարցին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը պատասխանեց․ «Մենք այս հարցը շատ երկար ենք քննարկել, ու սա մտահոգող խնդիր է։ Սրանով մտահոգված է թե՛ մեդիադաշտը, թե՛ քաղաքական դաշտը։ Չնայած նրան, որ Քաղաքացիական օրենսգիրքն ու Վարչական օրենսգիրքն այս հարցի հետ կապված մի շարք դրույթներ արդեն իսկ ունեն, բոլորս էլ տարբերակներ ենք առաջարկել։ Ժամանակին ազատ խոսքի սատարման հետ կապված, մի շարք դրույթներ քրեականացումից հանվեցին։ Միշտ էլ եղել է քրեականացումը վերականգնելու հարց, որն անընդհատ հանդիպում էր մեղմ ասած՝ քննադատությունների։ Այսինքն՝ երկար մտածելուց հետո հասկացանք, որ պայքարի միակ տարբերակը օրենսդրական փոփոխություններով լուծման գալն է։ Այլապես, մեզ մոտ սկզբնական շրջանում դա բերում էր միջանձնային հարաբերությունների սրացման՝ ընդհուպ մինչև ծեծկռտոց։ Իհարկե, ես ողջունում եմ պարոն Բաբաջանյանի նախաձեռնությունը, բայց կարծում եմ, որ դրվագային հնարավոր չէ լուծել»։
Իսկ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի Media.am կայքի խմբագիր Գեղամ Վարդանյանն էլ ասաց․ «Նախ պետք է հասկանանք, թե ինչ է նշանակում ֆեյքնյուզ, կամ ինչ ենք հասկանում սուտ տեղեկություն տարածել ասելով։ Օրինակ՝ 1in.am կայքը սուտ լուր է տարածում կեղծ բժշկության մասին, և այդ սուտ լուրի արդյունքում ինչ-որ մեկը օգտագործում է այդ կեղծ բժշկությունը և վնաս է ստանում, այսինքն՝ առողջությունը վատանում է։ Դրա համար նա դիմում է իրավապահներին։ Այդ դեպքում նույնիսկ այսօրվա գործող օրենսդրությամբ կարելի է պատասխանատվության ենթարկել տվյալ լրատվամիջոցին։ Այնպես որ պետք է հասկանանք՝ այդ սուտ լուրը որն է»։
Մանրամասները՝ տեսանյութում։











































