Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի կինը ՝ Սվետլանա Մեդվեդևան, օգտվում է 50 միլիոն դոլար արժողությամբ Bombardier Global Express 5000 մասնավոր ինքնաթիռից: Այս մասին հայտնել է ռուս ընդդամադիր Ալեքսեյ Նավալնին:
Իր հիմնած «Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամ»-ի նոր հետաքննության մեջ Նավալնին նշում է, որ ինքնաթիռը ձեռք է բերվել կոռուպցիոն սխեմայով: Սկզբում այն պատկանել է «ՎՏԲ Լիզինգ»-ի դուստր ձեռնարկությանը, այնուհետև վաճառվել է Կենտրոնական Ամերիկայում գրանցված If Company Limited օֆշորային կազմակերպությանը: Հիմնադրամի աշխատակիցները Planefinder հավելվածի միջոցով հետևել են օդանավի վերջին չորս տարիների տեղաշարժին: Պարզվել է, որ նշված ինքնաթիռի թռիչքները համընկնում են Դմիտրի Մեդվեդևի կնոջ՝ Սվետլանա Մեդվեդևայի տեղաշարժի հետ:
Հիմնադրամի գնահատականներով, Bombardier Global Express 5000 օդանավի թռիչքի սպասարկման մեկ ժամն արժե 10 հազար դոլար:
Ի դեպ, վարչապետի կինը մասնավոր ինքնաթիռից օգտվելու իրավունք չունի:
Ալեքսեյ Նավալնին նաև կոչ է արել լրագրողներին հարց ուղղել այս մասին Դմիտրի Մեդվեդևին՝ այսօր կայանալիք մամուլի ասուլիսի ժամանակ:









































