Այսօր Մեծ Բրիտանիայի ամենահայտնի հեռուստառադիոընկերության՝ BBC-ի աշխատակիցները սկսում են 24-ժամյա գործադուլ՝ բողոքելով ընկերությունում իրականացվող զանգվածային կրճատումների դեմ: Ավելի քան հարյուր մարդ վերջին ամիսների ընթացքում ստիպված է եղել լքել պաշտոնը:
Արհեստակցական միությունում կարծում են, որ այս կրճատումներից հնարավոր էր խուսափել, եթե ղեկավարությունը չհրաժարվեր իրենց հետ բանակցությունները շարունակելուց: Գործադուլավորների կարծիքով՝ անձնակազմի կրճատումները պետք է լինեն բացառապես նրանց հաշվին, ովքեր ցանկանում են ինքնակամ լքել BBC-ն՝ դրա դիմաց ստանալով փոխհատուցում: