ԱԺ ԲՀԿ խմբակցության տնտեսագետ պատգամավոր Միքայել Մելքումյանը, ով նաև Ծաղկաձորում քառյակի կազմակերպած տնտեսական համաժողովի համակարգողն էր, հաղորդագրություն է տարածել՝ ներկայացնելով 10 քայլեր, որոնց իրականացման դեպքում հիմքեր կստեղծվեն ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականության նկատմամբ վստահության վերականգնման համար:
Ուշագրավն այն է, որ կառավարության վստահության վերականգնման ուղղությամբ ԲՀԿ պատգամավորի նշած քայլերից պարզ է դառնում, որ Հովիկ Աբրահամյանը դրանք իրականացնելու դեպքում դեմ դուրս կգա Սերժ Սարգսյանի տնտեսական քաղաքականությանը: Իսկ նման բան նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը չի անի: Մյուս կողմից՝ ԲՀԿ-ն չի կարող վերջին տարիների իր ընդդիմադիր-ժողովրդական ողջ համբավը զոհել խնամիական կապերին ու հիմնովին լռել: Ուստի, թերևս ճանապարհներ է որոնում խնամու կառավարությանը քննադատելու համար:
Մասնավորապես՝ կառավարության վստահությունը վերականգնելու համար, ըստ ԲՀԿ տնտեսագետի, որն այսօր համակարգում է ԲՀԿ տնտեսագիտական միտքը, կառավարությունը պետք է չեղյալ համարի հանրային դժգոհություն ներկայացնող որոշումները (պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգ, կարմիր գծեր, արագաչափեր, տրանսպորտի գնի հնարավոր թանկացում և այլն): Սա արդեն իսկ դեմ է ներկա տնտեսական քաղաքականությանը, և ԲՀԿ-ում դա լավ գիտակցում են:
Բացի դա, ըստ ԲՀԿ-ականի` կառավարությունը պետք է փոքր և միջին ձեռնարկություններին երեք տարով ազատի բոլոր հարկերից (բացառությամբ՝ եկամտային հարկի), այդ թվում՝ տարեկան մինչև 58.35 մլն ՀՀ դրամ շրջանառություն ունեցող տնտեսվարող սուբյեկտների համար շրջանառության հարկը սահմանի՝ 0%, իսկ 58.35 մլն ՀՀ դրամից 100 մլն ՀՀ դրամ շրջանառություն ունեցող տնտեսվարող սուբյեկտների համար՝ 2%, դադարեցնի արտոնագրային վճարների գործողությունը:
ԲՀԿ պատգամավորը հիշեցրել է, որ անցած 2 տարիների ընթացքում ՀՀ-ում փակվել են 3000-ից ավելի մանրածախ առևտրի փոքր օբյեկտներ: «Ժամանակն է, որպեսզի խոշոր` սուպեր և հիպերմարկետները, օրինակ` կիրակի օրերին կամ ամեն օր երեկոյան ժամը 21:00-ից հետո չաշխատեն, որպեսզի գործեն փոքր օբյեկտները»,- առաջարկել է Մելքումյանը՝ պնդելով, որ պետք է հետաձգել սահմանի վրա ավելացված արժեքի հարկի վճարումը առնվազն 90 օրով: «Պետությունը պետք է երաշխավորի ներդրումների նվազագույն եկամտաբերությունը: Բանկային վարկերի տոկոսադրույքները կտրուկ իջեցնել և սահմանել վերին շեմ՝ ոչ բարձր, քան 12 %: ՀՀ յուրաքանչյուր մարզում ստեղծել առնվազն մեկ արդյունաբերական գոտի ազատ տնտեսական գոտու և հարկային արտոնությունների ռեժիմով, արտահանմանը միտված արդյունաբերական արտադրանքի թողարկմանը միտված վարկերի սուբսիդավորման չափը հասցնել վարկերի գործող տոկոսադրույքների կեսին: Պետական բյուջեի հաշվին գյուղացիական վարկերի սուբսիդավորման չափը 3-4%-ից հասցնել 7-8%-ի»:
ԲՀԿ պատգամավորն ավելի հեռու է գնացել և առաջարկում է «արմատապես բարեփոխել տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենսդրությունը և ընդունել հակամենաշնորհային քաղաքականության մասին օրենք՝ ապահովելով մրցակցային հարաբերությունների նոր, ժամանակի պահանջին համապատասխան իրավիճակ՝ բացառելով սովորական մենաշնորհների գոյությունը»: Միևնույն ժամանակ, Մելքումյանը դեմ է մենաշնորհները խլելուն. «Տարիներով ձևավորված ներկրման մենաշնորհների անցանկալի իրավիճակը հաղթահարել միմիայն համապատասխան օրենքների ուժով, այլ ոչ թե քաղաքական որոշումների՝ ոչ տնտեսական բնույթի գործիքների ճնշմամբ՝ ապահովելով գործող մենաշնորհների ազատականացումը»,- զգուշացրել է նա:
ԲՀԿ պատգամավորն առաջարկում է ՝ օրենքով սահմանված ամենախիստ պատժամիջոցներ նախատեսել «պետական մարմինների այն ներկայացուցիչների հանդեպ, որոնք կգերազանցեն իրենց լիազորությունները և կմիջամտեն ձեռնարկատերերի գործունեությանը»:
Եվ` ԲՀԿ-ի թերևս ամենակարևոր պահանջը Հովիկ Աբրահամյանի կառավարությունից. «Վերոնշյալ միջոցառումների իրականացումը արդյունավետ կարող է լինել միմիայն ՀՀ-ում սեփականության ինստիտուտի անձեռնմխելիության պահպանման, իրական ազատական «խաղի կանոնների» հստակ սահմանման և քաղաքական որոշումների ընդունման մենաշնորհների բացառման պայմաններում»:
Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի








































