Մոսկվայի «Սպարտակ»-ի և Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը խոստովանել է, որ էմոցիանալ վերելք է զգում այն բանից հետո, երբ նախօրեին թիմակիցների հետ միասին այցելել է ռուսական ակումբի` դեռևս շինարարական աշխատանքներ ընթացող նորակառույց մարզադաշտ:
«Իհարկե, մեր թիմի յուրաքանչյուր ֆուտբոլիստի մոտ ամենադրական զգացումներն են եղել այդ իրադարձությունից հետո: Հաճելի է, երբ սեփական աչքերով ես տեսնում, թե ինչպես է իրականացվում այնպիսի մեծ ակումբի նման տպավորիչ ծրագիրը, ինչպիսին «Սպարտակ»-ն է:
Դա շարժառիթ է մեզ համար, և մեզանից յուրաքանչյուրը ցանկանում է հաջորդ մրցաշրջանից հանդես գալ այս հրաշալի մարզադաշտում, որը, կարծում եմ, լինելու է լավագույններից մեկն աշխարհում: Ես անհամբերությամբ եմ սպասում այդ պահին, ինչպես և ամբողջ թիմը»,- Մովսիսյանի խոսքերը մեջբերում է «Սպարտակ»-ի պաշտոնական կայքը:










































