ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի նոր գիրքը կկոչվի «Դժվար որոշումներ» (Hard Choices), հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով գրքի հրատարակչին:
Գրքում Քլինթոնը կպատմի ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ պետքարտուղարի պաշտոնում իր աշխատանքի մասին: Simon & Shuster հրատարակչատան տեղեկությամբ՝ ընթերցողը կկարողանա իմանալ «ճգնաժամի, որոշումների և մարտահրավերների» մասին, որոնց բախվել է Քլինթոնը, ինչպես նաև այն մասին, թե «այդ փորձն ինչպես է ազդել նրա ապագայի տեսլականի վրա»:
Գործակալությունը նշում է, որ գրքի անվան ընտրությունը կարող է նաև կախված լինել 2016-ի նախագահական ընտրություններին Քլինթոնի մասնակցության վերաբերյալ նրա որոշման հետ: Ապրիլի 13-15-ը Fox News հեռուստաալիքի անցկացրած հարցման արդյունքներով՝ հարցված ամերիկացիների 69%-ը կնախընտրեր Հիլարի Քլինթոնին տեսնել նախագահի թեկնածուի դերում:
66-ամյա Քլինթոնի գիրքը լույս կտեսնի հունիսի 10-ին:











































