Չինաստանի մայրաքաղաքում կարող են սկսել օդից ադամանդ ստանալ: Հոլանդացի դիզայներ Դաան Ռուզենգարդը Պեկինին քաղաքը սմոգից մաքրելու և դրանից թանկարժեք քար ստանալու տեխնոլոգիա է առաջարկել, հայտնում է korrespondent.net-ը:
Միևնույն ժամանակ, նախագծի նպատակը ոչ թե թանկարժեք քարերն են, այլ հենց արտադրության գործընթացը:
Ռուզենգարդն իր աշխատանքն անվանում է աշխարհի ամենամեծ էլեկտրական փոշեկուլ: Գործելու սկզբունքը հետևյալն է. հողի տակ գտնվող պղնձի մասնիկներն էլեկտրամագնիսական դաշտ են ստեղծում, որը ձգում է սմոգի բաղադրիչները:
«Ստեղծված իոնային դաշտում բոլոր նանոմասնիկները դրական լիցքավորում են ստանում, այն դեպքում, երբ հողը բացասական լիցքով է օժտված: Մասնիկները ձգվում են հողին, և օդը 75-80%-ով մաքրվում է»,- ներկայացնում է դիզայները:
Ռուզենգարդը վստահեցնում է, որ տեխնոլոգիան անվնաս է և կարող է օդը մաքրել 25 մ շառավղով: Լիամասշտաբ մոդելի թեստավորումը Պեկինում կսկսվի արդեն հաջորդ տարի: Ծրագրվում է առաջինը մաքրել քաղաքային զբոսայգին:











































