Wal-Mart ընկերությունը, որն աշխարհում մանրածախ առևտրի խոշորագույն ցանցն է, դրամական միջոցների փոխանցման նոր ծառայություն կստեղծի, որը կմրցակցի Western Union-ի և MoneyGram International-ի հետ, գրում է The Wall Street Journal-ը: Նախագիծն անվանվել է Walmart-2-Walmart:
Ծառայությունը հաճախորդին հնարավորություն կտա դրամական միջոցներ ուղարկել և ստանալ ԱՄՆ-ում ընկերության ավելի քան 4 000 խանութներում: Մեկ փոխանցման գումարը չպետք է գերազանցի 900 դոլարը:
MoneyGram-ի ակցիաները, որը նույնանման ծառայություններ է առաջարկում Wal-Mart խանութներում, անկում են ապրել 17,7%-ով, իսկ Western Union-ինը՝ 5%-ով, գրում է պարբերականը:
Նախատեսվում է Walmart-2-Walmart-ը գործարկել ապրիլի 24-ին: Ծառայությունները կարժենան 4,50 դոլար՝ մինչև 50 դոլար փոխանցման դեպքում, իսկ 900 դոլար փոխանցման արժեքը կլինի 9,50 դոլար: Դա մոտ 50%-ով էժան է գոյություն ունեցող այլ ծառայություններից, ասված է հոդվածում:











































