ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաաֆարին Հոմսում տեղի ունեցող իրադարձությունները համեմատել է հայաբնակ Քեսաբում առաջացած իրավիճակի հետ:
Մասնավորապես, երեկ տեղի ունեցած Անվտանգության խորհրդի խորհրդակցությունից հետո Ջաաֆարին լրագրողներին ասել է, որ Արևմուտքի երկրները արհամարհում են Քեսաբում կատարվող դեպքերը՝ ուշադրությունը կենտրոնացնելով միայն Հոմսի վրա:
Հիշեցնենք, մարտի 21-ին ապստամբները իրենց վերահսկողության տակ վերցրին Քեսաբ բնակավայրը, որից ժամեր առաջ Քեսաբի շուրջ 670 հայ ընտանիքներ տեղափոխվել էին Լաթաքիա: Ավելի ուշ Քեսաբում մնացած մի քանի տասնյակ ծերերը տեղափոխվեցին Թուրքիա:
Այս իրադարձությունների ընթացքում Քեսաբում զոհվել է մեկ հայ երիտասարդ՝ Գէորգ Ճուրեանը:
Անդրադառնալով Հոմսին՝ Ջաաֆարին նշել է, որ ՄԱԿ-ը և ընդդիմության արտասահմանյան հովանավորները դիտավորյալ կերպով շփոթություն են առաջացնում՝ Հոմսում իրավիճակը ներկայացնելով որպես մարդասիական աղետ:
«Այս պահին Հոմսի հին քաղաքում գտնվում է ընդամենը 170 քաղաքացիական անձ, մյուս 2000-ը ահաբեկիչներ են»,- ասել է նա լրագրողներին՝ հավելելով, որ այդ 170-ն էլ «ահաբեկիչների բարեկաներն են»: «Նրանց երկու ամիս առաջ առաջարկվել է լքել քաղաքը մյուս խաղաղ բնակիչների հետ, սակայն նրանք հրաժարվել են»,- ասել է Ջաաֆարին:







































