Ապրիլի 17-ին տեղի է ունեցավ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության արտաքին կապերի հանձնաժողովի հերթական նիստը, թեման հռետորական խոսքն էր: Իր փորձը երիտասարդների հետ էր կիսում փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վալերի Միրզոյանը: Նա ներկայացրեց խոսքի գրագիտության կարևորությունը՝ մեջբերելով Գարեգին Նժդեհի և այլ անվանի մարդկանց խոսքերը հռետորական արվեստի վերաբերյալ:
Հանդիպման ընթացքում բանախոսը սովորեցրել է ճիշտ բանավոր խոսք կառուցելու հմտությունները: Պարոն Միրզոյանը խոսել է նաև ժեստերի լեզվի մասին, բացատրել է դրանց նշանակությունն ըստ տարբեր մենթալիտետների:
Երիտասարդ կուսակցականների շրջանում նման միջոցառումները շատ կարևոր են: Դրանք հնարավորություն են տալիս շփվել անվանի մարդկանց հետ, ովքեր իրենց փորձն ու հմտություններն են փոխանցում երիտասարդներին: Վերջիններս էլ կարողանում են ստանալ իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները և հարստացնել սեփական գիտելիքներ:
Հանդիպման մասնակիցները հատկապես կարևորել են հռետորական արվեստին և ժեստերին ծանոթությունը, քանի որ գրագետ խոսքն ու ժեստիկուլյացիան կարող են քաղաքական գործչի հաջողությունների գրավականներից լինել։











































