Գորիսի 1992-1994 թթ. քաղաքապետ, տարածաշրջանի ինքնապաշտպանության կոմիտեի համանախագահ, Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ թեպետ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը փորձում է վերականգնել իր դիրքերը մարզում, սակայն ամեն ինչ այլևս առաջվանը չէ:
«Այո, նա փորձում է Սյունիքի մարզում վերականգնել իր նախկին դիրքը, բայց երբեք չի կարող դա անել, որովհետև իր ոտքի տակի հողը բնական ճանապարհով հեռանում է, և միայն այն փաստը, որ վերջին ամիսներին նրան պաշտոնյաներն անգամ չեն հրավիրում իրենց զավակների հարսանյաց հանդեսին, արդեն շատ բան է խոսում։ Անգամ, ինձ հասած ստույգ տեղեկությունների համաձայն, թե՛ Գորիսում, թե՛ Երևանի մերձակայքում, երբ նա ներկայանում է, նախընտրում են պարզապես չկանգնել նրա մոտ, ինչը նշանակում է, որ նրա դիրքերն օրըստօրե թուլանում են, և ինչպես քանիցս հայտարարել եմ՝ հեռու չէ այն օրը, որ նա և իր ոճրախումբը կանգնելու են հայոց ահեղ դատաստանի առջև»,- ասաց նա:
Հարությունյանի խոսքով` Գորիսում ՀՀԿ շրջանային խորհրդի ժողովին չեն մասնակցել 23 գյուղապետերից 18-ը և բազմաթիվ պաշտոնյաներ, ինչը նշանակում է, որ նրան գրեթե ամբողջապես նաև պետական պաշտոնյաները չեն ընդունում: ՀՀԿ մարզային կառույցի ղեկավարի պաշտոնում Խաչատրյանի վերականգնվելն, ըստ Հարությունյանի, նախ` մարտահրավեր է գործող մարզպետ Վահե Հակոբյանին. դրանով նա մարզպետին և բոլորին փորձում է համոզել, որ ինքը շարունակում է հանդիսանալ գործող մարզպետի կուսակցական ղեկավարը, և մարզպետն իրեն պիտի ենթարկվի, ու դրանով իսկ փորձում է «ապացուցել», որ մարզպետի պաշտոնին իր վերադարձը ժամանակի հարց է:
«Առաջիկայում սպասվում է իշխող ՀՀԿ-ի համագումարը: Կարծում եմ, որ Աստված բոլորին` ինձնից սկսած, մինչև ամենավերջին ոճրագործը հնարավորություն տալիս է մեղայականով հանդես գալու»,- ասաց նա: Նախկին քաղաքապետն անդրադարձավ նաև իր հայցադիմումին: «Հանրահայտ է, որ ես դիմել էի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան և պահանջել էի, որ դատարանը վերացնի Սուրիկ Խաչատրյանի` տխրահռչակ Լիսկայի քրեական արտասովոր ընթացքի մասին ներկայացրածս ավելի քան վաթսուն ճչացող փաստ-ապացույցների նկատմամբ Հայաստանի իրավապահ համակարգի ղեկավարների և հատկապես գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի ու ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանի անգործությունը, հարկադրի, որպեսզի նրանք քրեական գործ կամ գործեր հարուցեն և վերջապես քրեական արժանի պատասխանատվության առաջ կանգնեցնեն այդ արտասովոր ոճրագործին և նրա բանդային»,- ասաց նա` հավելելով, որ դատարանը` Գայանե Կարախանյանի ղեկավարությամբ, երկու անգամ քննարկելով իր փաստարկված դիմումը, անհիմն, անհեթեթ ու անարդար որոշմամբ մերժել է բավարարել իր պահանջը, և ինքը հարկադրված է եղել դրանից հետո վերաքննիչ բողոք ներկայացնել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան:
«Սպասում եմ ծանուցագրի, հուսով եմ` շուտով դատական նիստ տեղի կունենա, իհարկե, սին պատրանքներ չեմ փայփայում, շատ ուրախ կլինեմ, որ գոնե Վերաքննիչ դատարանն արդար որոշում ընդունի, հակառակ պարագայում իմ առջև բացվելու է ինչպես Վճռաբեկ դատարան, այնպես էլ ՄԻԵԴ դիմելու հնարավորությունը: Կրկին հայտարարում եմ` վայ բոլոր նրանց, երբ ես այդ բոլոր աղաղակող փաստերը կդնեմ Եվրադատարանի սեղանին»,- ասաց նա:
Հարությունյանը տեղեկացրեց նաև, որ ստիպված է եղել սրանից մոտ մեկ ամիս առաջ հայցով դիմել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան և պահանջել, որպեսզի դատարանը պատասխանատվության ենթարկի Սուրիկ Խաչատրյանին` իր (Սամվել Հարությունյանի.– հեղ.) հասցեին հրապարակավ արված վիրավորանքի համար: «Հետաքրքիրն այն է` երեկ իմացա, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մուրադ Հովակիմյանը չի կարողանում ծանուցագիրն ուղարկել Սուրիկ Խաչատրյանին` բնակության վայրն անհայտ լինելու պատճառով: Ես հայցադիմումում նրա հասցեն նշել եմ, այն հասցեն, որտեղից Սուրիկ Խաչատրյանը դատի է տվել ինձ` Երևանի Աջափնյակ և Դավթաշեն ընդհանուր իրավասության դատարան հայցադիմում ներկայացնելիս: Հետո` իմ ձեռքի տակ է նրա անձնագրի պատճենը, որտեղ նշված է, որ նա հաշվառված է այդ հասցեում: Պահանջում եմ Սուրիկ Խաչատրյանից` անհարկի չձգձել դատավարությունը. միևնույն է, ինքը և իր նմանները կանգնելու են դատարանի առաջ»,- ասաց նա:
Մանրամասները` տեսանյութում:







































