Գերմանիայի ոստիկանությունը շուրջ 900 տղամարդու խնդրել է անցնել ԴՆԹ թեստ՝ օգնելու համար բացահայտել 23 տարի առաջ տեղի ունեցած արևմտյան Գրևենբրոյխ քաղաքից 11-ամյա աղջկա սարսափելի սպանությունը: Այս մասին հաղորդում է AP գործակալությունը:
Կլաուդիա Ռուֆ անունով աղջկան անանուն մարդասպանը առևանգել է, բռնաբարել և խեղդել 1996 թվականին: Այդ գործը ցնցել է երկիրը և այդ ժամանակ մեծ արձագանք ունեցել:
900 մարդ, որոնք Ռուֆի սպանության պահին եղել են 14-ից 70 տարեկան, անալիզներ հանձնելու հրավեր են ստացել՝ ԴՆԹ-ն որոշելու նպատակով:
Ավելի վաղ այս ամսին ոստիկանության աշխատակիցները տնից տուն են գնացել, որպեսզի տղամարդկանց հրավիրեն անցնելու թեստը և նրանց հարցեր տալու:
Հանցագործի ԴՆԹ-ի հետքերը հայտնաբերվել են աղջկա մարմնին, և ոստիկանությունը հույս ունի, որ զանգվածային թեստավորումը նրանց դուրս կբերի մարդասպանի հետքի վրա: Ակնհայտ է, որ 900 մարդկանցից ոչ բոլորն են կասկածյալ՝ ընդգծել է ոստիկանությունը:
Չնայած հազիվ թե իսկական մարդասպանը համաձայնի թեստ անցնել, իրավապահները հույս ունեն, որ թեստ անցնելու կարող է գնալ հանցագործի հարազատը, որի շնորհիվ իրենք կարող են դուրս գալ հանցագործի հետքի վրա:
2010 թվականին իրավապահները այդ շրջանում արդեն ստուգել են մոտավորապես 350 մարդու ԴՆԹ, սակայն անհաջող: Այսօր, սակայն, նրանք ասում են, որ կարողացել են գտնել նոր տվյալներ, որոնք կօգնեն պարզել մարդասպանին՝ թեստավորելով 900 մարդու:










































