Սպասվում է, որ այսօր Հանրապետական կուսակցությունը քննարկելու է նոր կառավարության կազմավորման հարցը: Սերժ Սարգսյանն օրեր առաջ՝ Տիգրան Սարգսյանի հրաժարականից հետո, Կենտրոնական բանկ կատարած այցելության ժամանակ հայտարարել էր, թե կառավարությունում էական փոփոխություններ են տեղի ունենալու: Վարչապետը նշանակվել է ապրիլի 17-ին, իսկ ՀՀ Սահմանադրության համաձայն՝ կառավարությունը պետք է կազմվի վարչապետի նշանակումից հետո 20 օրվա ընթացքում:
Ճիշտ է, Հովիկ Աբրահամյանի նշանակումից ընդամենը 5 օր է անցել, բայց որոշ նախարարների հարց այսօր կարող է քննարկվել: Հատկապես որ ապրիլի 15-ին արդեն նշանակվել են, ավելի ճիշտ՝ վերանշանակվել են պաշտպանության և արտաքին գործերի նախարարները: Իսկ այսօր երեկոյան կրկին տեղի է ունենալու Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի հերթական նիստը, որի ժամանակ Ս.Սարգսյանը գուցե կուսակիցներին ներկայացնի ևս մի քանի նախարարի:
Կառավարության ամբողջական կազմը, իհարկե, այսօր դժվար թե հայտնի դառնա, քանի որ Ս.Սարգսյանը նոր կոալիցիա կազմելու համար դեռ խորհրդակցություններ է անցկացնում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ: ԲՀԿ-ից այս օրերին տարբեր մեկնաբանություններ են հնչել, թե իրենք այժմ կոալիցիա մտնելու հարց չեն քննարկում, սակայն ՀՀԿ-ից էլ հակադարձում են, թե իրենց համար հիմք է միայն ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը: Իսկ ՀՅԴ-ն քիչ առաջ հայտարարություն տարածեց, որ չի միանալու կոալիցիային:
Բնականաբար, այսօր ՀՀԿ-ն որքան էլ կառավարության կազմավորման հարցը քննարկի և նախարարներ ներկայացնի, նույնիսկ այսօր չի բացառում նոր կոալիցիա կազմելու հավանականությունը գործընկերների համար նախարարական պորտֆելներ նախատեսի:
Ինչպես հայտնի է, ՀՀԿ-ի վաղեմի կոալիցիոն գործընկեր «Օրինաց երկիր» կուսակցությունը երեկ հայտարարեց, որ այլևս նպատակահարմար չի համարում նոր կառավարության մաս կազմել, և նրանց նախարարները դուրս եկան կուսակցությունից: Այդպիսով ենթադրվում է, որ նրանք կարող են պահպանել իրենց պաշտոնները, հատկապես որ նրանք ՕԵԿ անդամ են դարձել նախարար նշանակվելուց հետո:
Այն ժամանակ կարծիք կար, թե իշխանություններն այդ երեք նախարարներին գործուղել են ՕԵԿ այդ կուսակցությունն ուժեղացնելու համար: Հատկապես արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն այդպես էլ չինտեգրվեց այդ կուսակցությանը, և նա հավանաբար կվերանշանակվի իր պաշտոնում: Իր պաշտոնում կարող է վերանշանակվել նաև գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, որը վայելում է նաև Հ.Աբրահամյանի հովանավորությունն ու մտերիմ հարաբերություններ ունի նրա հետ: Նրանք երկուսով նաև համատեղ բիզնես ունեն՝ «Արտֆուդ» պահածոների գործարանը:
Այս շարքում առայժմ փոքր-ինչ պարզ չէ ՕԵԿ-ի երրորդ նախարարի՝ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանի ճակատագիրը: Բայց, ամենայն հավանականությամբ, նա նույնպես վերանշանակվելու հավաստիացումներ է ստացել: Ահա, այդ պատճառով էլ շտապել են հայտարարություն տարածել, որ իրենք իրենց համարում են Ս.Սարգսյանի թիմի անդամը: Եվ չի բացառվում, որ հենց այսօր էլ Ս.Սարգսյանը հայտարարի, որ այս երեք նախարարները վերանշանակվելու են:
Ս.Սարգսյանը կարող է ներկայացնել նաև ՀՀԿ-ական այն նախարարներին, որոնք վերանշանակվելու են: Իսկ կառավարության ամբողջական կազմը կձևավորվի առաջիկա երկու շաբաթների ընթացքում:
Լուսանկարը` PAN Photo-ի












































