Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն և մասնակցել տոնական ընդունելությանը: Գործադիրի ղեկավարը ազգային տոնի կապակցությամբ կառավարության անունից շնորհավորել է դեսպանատան աշխատակազմին և նշել, որ Ֆրանսիայի ազգային տոնն այն բացառիկ տոներից է, որ նշվում է ոչ միայն Ֆրանսիայում, այլև տարբեր պետություններում՝ հաշվի առնելով այն մեծ խորհուրդը, որ նա իր մեջ կրում է:
«Ազատության, արդարության, հավասարության, ժողովրդավարության համար մղվող պայքարում Ֆրանսիայի ազգային տոնը ոգևորում է նաև ժամանակակից աշխարհի բոլոր առաջադեմ մարդկանց: Այդ արժեքները կրող հասարակությունների, նաև մեզ համար Ֆրանսիայի ազգային տոնի խորհուրդը առաջնորդում է իրականացնել ժողովրդավարական բարեփոխումներ»:
Անդրադառնալով հայ-ֆրանսիական հարաբերություններին՝ վարչապետը նշել է, որ դրանք ունեն խոր արմատներ: Սակայն ավելի կարևոր է հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների ապագան: Վարչապետի համոզմամբ՝ մեր երիտասարդ պետությունը, որ այս տարի նշելու է իր անկախության 20-ամյակը, Ֆրանսիայի հետ համագործակցության շնորհիվ ունենալու է նորանոր ձեռքբերումներ տնտեսական, սոցիալական, քաղաքական բնագավառներում:











































