Մխչյան գյուղում ցնծություն է: Վարչապետ Հովիկ Աբրահամյանի համագյուղացիները երջանիկ են, որ նա նշանակվել է վարչապետ: Նրանք վստահ են, որ Հովիկ Աբրահամյանը երկիրն այս ծանր վիճակից դուրս կբերի: Ավելին, կարծում են, որ նրա ինտելեկտը հնարավորություն կտա նրան երկրի «թագավոր» դառնալու:
70 թվականից վարսավիր աշխատող համագյուղացին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ վաղուց է կտրում Հովիկ Աբրահամյանի մազերը: «Հարստությունը չի՞ գոռոզացրել նրան» հարցին պատասխանեց. «Չէ, չէ, էնքան լավ մարդ ա, համ էլ մենք բարեկամներ ենք, հոյակապ մարդ է, լավ ընկեր»,- ասաց նա՝ հավելելով, որ նրա վարչապետ դառնալուց հետո երկրի սոցիալական վիճակը կփոխվի:
Հետաքրքրվեցինք՝ ինչ պաբերականությամբ է Հովիկ Աբրահամյանը մազերը կտրում: Պարզվեց՝ Հովիկ Աբրահամյանն ամեն շաբաթ է մազերը կտրում:
«Քմահաճ չէ՞» հարցին էլ այսպես պատասխանեց. «Ոչ, ինչ ես խոսում, ես որ մտնում եմ՝ հոյակապ ամեն ձևի ընդունում է, առանց իրա կյանք չկա»:
Վարսավիրը կտրում է հոր, եղբոր, մեկ-մեկ էլ Հովիկ Աբրահամյանի որդու մազերը։ Նա նշեց, որ ընտանիքը հոյակապ ընտանիք է, տղան էլ՝ հոյակապ տղա:











































