Ճգնաժամն Ուկրաինայում, որը կարող է վերածվել զանգվածային արյունահեղության, չի բխում ո՛չ Ռուսաստանի, ո՛չ էլ ԵՄ-ի շահերից: ITAR-TASS-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԵՄ ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն՝ ելույթ ունենալով Եվրախորհրդարանի պատգամավորների առջև:
«Ե՛վ Ռուսաստանի, և՛ ԵՄ-ի շահերից է բխում եվրոպական մայրցամաքում բռնությունից ու արյունահեղությունից խուսափելը»,- ասել է Ֆյուլեն՝ նշելով, որ իրենց ընդհանուր շահերից է բխում եվրոպական մայրցամաքում կայունության, բարգավաճման և ժողովրդավարության ընդհանուր գոտու ստեղծման վրա միասին աշխատելը: Ֆյուլեն հայտնել է, որ առաջիկա օրերին Ուկրաինայում իրադարձությունների զարգացումը ցույց կտա, թե ինչ ընտրություն է կատարել Ռուսաստանը:
Եվրահանձնակատարը հերթական անգամ հիշեցրել է Ասոցացման և ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրերի չստորագրված առանցքային դրույթները Կիևի հետ ստորագրելու Բրյուսելի պատրաստակամության մասին: Նա հստակ ամսաթիվ չի հայտնել՝ նշելով, որ նման հնարավորություն կհայտնվի մոտ ժամանակներս՝ մայիսին կայանալիք նախագահական ընտրություններից հետո:
Ուկրաինական ճգնաժամի լույսի ներքո Ֆյուլեն նշել է Եվրոպայում էներգետիկ անվտանգության խնդիրը:
Իր ելույթում Ֆյուլեն բազմիցս ընդգծել է ապրիլի 17-ին Ժնևում ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի մասնակցությամբ անցկացվելիք քառակողմ բանակցությունների կարևորությունը:
Անդրադառնալով Ղրիմի միացման թեմային՝ եվրահանձնակատարը հայտնել է, որ Եվրահանձնաժողովն աշխատում է միացումը չճանաչելու քաղաքականության գործնական պարամետրերի վրա:







































