«Ես կարծում եմ՝ Սերժ Սարգսյանը Հովիկ Աբրահամյանին վարչապետի պաշտոնում նշանակելիս նույնիսկ չի էլ հարցրել Մոսկվային»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ռուսաստանցի հայտնի քաղաքագետ, REX գործակալության ղեկավար Մոդեստ Կոլերովը:
Նրա խոսքերով՝ Հովիկ Աբրահամյանի թեկնածությունը շատ սպասելի էր այն մասնագետների կարծիքով, որոնք լավ գիտեն Սերժ Սարգսյանի կադրային ռեզերվը, և հարցը միայն այն էր, թե Սարգսյանը զարգացումների ինչ ուղի կընտրի:
«Նա ընտրեց հենց այն զարգացումների ուղին, որոնք խորհրդանշում են Հովիկ Աբրահամյանին:
Երբ Սերժ Սարգսյանը վերջերս մեկնաբանում էր Հայաստանում սահմանադրության փոփոխության հեռանկարները, նա Հայաստանի ապագան նկարագրում էր որպես խորհրդարանական երկիր: Նա դրականորեն հնարավոր էր համարում այդ համակարգին անցում կատարելը:
Այդ համակարգում նախագահը դառնում է ձևական ֆիգուր, վարչապետը կախված է լինում իշխող կուսակցությունից, իսկ իշխող կուսակցության ղեկավարն էլ մնում է Սերժ Սարգսյանը»,- ասաց Կոլերովը:
Քաղաքագետի դիտարկմամբ՝ Սերժ Սարգսյանը ուղիղ ձևով հայտարարել է, որ իրեն իշխող կուսակցության ղեկավար է պատկերացնում նաև հետագայում, իսկ խորհրդանական համակարգում վարչապետի թեկնածուն կախված է իշխող կուսակցությունից․ «Ոչ միայն նախագահն է դառնում ձևական ֆիգուր, այլև վարչապետն է կախված մնում իշխող կուսակցությունից, որը Սերժ Սարգսյանն է ղեկավարում: Նա, միևնույն է, իր հետևից թողնում է իշխանության գլխավոր ռազմավարական ուղղությունը: Դրա համար նա վարչապետի պաշտոնում ընտրել է իր ամենամոտիկ դաշնակցին, որ վարչապետն իրեն հետագայում չխանգարի նախագահականից խորհրդանական համակարգին անցնելու հարցում»:
Մեր այն հարցին, թե արդյո՞ք այս դեպքում Աբրահամյանի խնամի լինելը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին չի խանգարի, Մոդեստ Կոլերովն պատասխանեց. «Հենց այն, որ նա Ծառուկյանի խնամին է՝ իրեն հետագայում կօգնի: Դուք գիտեք, որ Սերժ Սարգսյանը միաժամանակ Հովիկ Աբրահամյանի և Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպում է ունեցել. դա տեղ է թողնում երկխոսության համար:
Ես ոչ մի ողբերգական բան չեմ տեսնում հիմա, երբ առևտուր է գնում պաշտոնների համար, «Բարգավաճ Հայաստանը» հրաժարվում է. գուցե քիչ են առաջարկել, գուցե վաղն ավելի շատ բան կառաջարկեն»:
Հետաքրքվեցինք նաև, որ եթե անգամ Մոսկվայի կարծիքը Աբրահամյանին վարչապետ նշանակելու հարցում հաշվի չի առնվել, ի՞նչ է կարծում, Հովիկ Աբրահամյանն ինչպե՞ս է որպես ֆիգուր ընկալվում Կրեմլում: Նկատեցինք նաև, որ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն իր արևմտամետ հայացքների համար այնքան էլ չէր ընդունվում Մոսկվայում:
Մեր հարցադրմանն ի պատասխան քաղաքագետն ասաց․ «Այդ կապակցությամբ կարծիք չունեմ, նա ընկալվում է որպես ֆիգուր, որը 100 տոկոսով Սերժ Սարգսյանից կախվածությունի ունի, նրա շարունակությունն է և որպես ինքնուրույն, առանձին ֆիգուր Մոսկվայում չի ընկալվում»։








































