Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին հաճախ կարելի էր տեսնել ավանդական կուսակցությունների, մասնավորապես՝ ՍԴՀԿ-ի և ՌԱԿ-ի տարբեր նիստերին և համագումարներին: Նա հաճախ էր կրկնում, որ ավանդական կուսակցությունները մեր ժողովրդի ազգային հարստությունն են, որոնց գոյությունն ու հզորացումը թե՛ Հայաստանում և թե՛ Սփյուռքում բխում են մեր ազգի շահերից, որ որքան ուժեղ լինեն հայ ավանդական կուսակցությունները, որքան զորեղ լինեն նրանց կազմակերպչական կառույցներն ամբողջ աշխարհում, այնքան հզոր կլինի հայ ժողովուրդը: Ինչպես կվարվի ավանդական կուսակցությունների հետ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ ավանդական կուսակցությունները խորհուրդ են տալիս որոշ ժամանակ սպասել:
Ռամկավար ազատական կուսակցության առաջնորդ, «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանն այն կարծիքին է, որ մենք նոր վարչապետ ունենք, պետք է սպասել, որ նոր կառավարություն կազմվի, և հետո տեսնենք՝ փոփոխությունները ինչպիսին կլինեն։ Սակայն զրուցակիցս, ճանաչելով Հովիկ Աբրահամյանին, հույս հայտնեց, որ վերջինս նախարարներին ու նախարարություններին շատ լավ կաշխատեցնի, քանի որ կազմակերպչական շնորհք ունի:
«Իհարկե մեծ բարեփոխումների փաթեթում չեմ ենթադրում, որ ինչ-որ մեծ տեղաշարժեր կլինեն, բայց գոնե ամենօրյա աշխատանքի մթնոլորտը բոլոր գերատեսչություններում կտիրապետի: Կարևոր է իմանալ՝ ինչ կազմ կունենա կառավարությունը, մանավանդ ֆինանսատնտեսական փաթեթը ինչպիսին կլինի»,- հավելեց զրուցակիս:
Ինչ վերաբերում է Տիգրան Սարգսյանի՝ ավանդական կուսակցությունների նկատմամբ ունեցած վերաբերմունքին, թե արդյոք մտավախություն չունե՞ն, որ Հովիկ Աբրահամյանի վերաբերմունքն այլ կլինի ավանդական կուսակցությունների նկատմամբ, Հակոբ Ավետիքյանը նկատեց, որ Տիգրան Սարգսյանի մոտեցումը ավանդական կուսակցությունների նկատմամբ համահունչ է հանրապետության նախագահի մոտեցմանը։ Դրա համար էլ այս ուղղությամբ մտահոգություններ չկան, քանի որ Տիգրան Սարգսյանի արտահայտած միտքը հնչեցրել է նաև հանրապետության նախագահն առ այն, որ ավանդական կուսակցություններն ազգային արժեքներ են, որոնք զարգացման իրենց բնականոն ճանապարհը պետք է ունենան, և պետք է հնարավորություն տրվի, որ այդ զարգացումը ապահովվի ոչ միայն Հայաստանում, այլ ամբողջ սփյուռքում:
Նա նշեց, որ ՌԱԿ-ը 16 երկրներում ունի իր կառույցները: Պետք է ամեն գնով նրանց քաջալերել հատկապես սփյուռքում:
Հարցին՝ արդյո՞ք հնարավոր է, միայն վարչապետ փոխելով, մեր երկրում փոփոխությունների հասնել, երբ ընդունված է՝ երկրում փոփոխություններ կարող է անել մեկ հոգի, Հակոբ Ավետիքյանն ասաց. «Անհնար է, ես նկատի չունեմ միայն ՀՀ նախագահին, այլ նաև ԱԺ-ին։ Ի վերջո կարևոր է, թե եռիշխանությունն ինչպես կաշախատի իրար հետ: Դատական իշխանությունն էլ խնդիր է, ինչպես պետք է բարեփոխում անել, իսկ դրա ձգելու լարերը ուղղակիորեն ՀՀ նախագահի ձեոքում են: Գնացողին պետք է շնորհակալություն հայտնենք, իսկ երկողին հաջողություն մաղթենք և ողջունենք, որ կարողանա արդյունավետ աշխատել»:
Սոցիալ-Դեմոկրատական Հնչակյան կուսակցության անդամ, Լիբանանի «Արարատ» թերթի խմբագիր Ահարոն Շխրտմյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ Լիբանանից հետևում են Հայաստանում քաղաքական իրադարձությունների զարգացումներին: Ստեղծված քաղաքական իրավիճակում որոշ խմորումներ են առաջանում քաղաքական բեմում, մյուս կողմից՝ այս վիճակի վրա ազդեցություն ունեցավ նաև Հայաստանի՝ ՄՄ անդամակցության հարցը։
«Որոշ ընդդիմադիրներ փոփոխություն են ակնալում Հայաստանի ներքին կյանքում, հիմա թե այդ փոփոխությունը վարչապետի հրաժարականով և նոր վարչապետի նշանակումը դրական ակնկալիքներ պետք է արդարացնի, պետք է մի քիչ համբերատար լինել, սպասել, տեսնել՝ ինչ են լինում ընդդիմադիր կուսակցությունների հետ բանակցությունները:
Եթե ՀՀԿ-ն միայնակ պետք է գլխավորի կառավարությունը իր անդամներով, առանց ընդդիմությանը տեղ հատկացնելու, կարծում եմ՝ դժվարությունները կշարունակվեն»,- ասաց նա՝ հավելելով, որ հիմա Հայաստանում սպասողական վիճակ է, պետք է մի քիչ սպասել։
«Մենք էլ, ինչպես մյուս քաղաքական կուսակցությունները, հետևում ենք այս իրադարձությանը: Ժողովրդավար որևէ երկրում ընդդիմություն պետք է լինի, որ իր իրավունքները պահանջի. այս բոլորը շատ արդար է, և պետք է երկրում գոյություն ունենա ընդդիմություն, այլապես միապետություն և մենիշխանություն կհաստատվի, իսկ դա որևէ հասարակարգի համար ձեռտնու չէ, մանավանդ Հայաստանի համար, երբ արտաքին դժվարություններ ունի՝ Թուրքիա, Ադրբեջան, ՄՄ, պետք չէ անտեսել Ուկրաինայի խնդիրը:
Քաղաքական ուժեր, ի վերջո, պետք է կարողանան մեկ սեղանի դնել ու լուծել ինքուրույն, ոչ թե օտար պետություններ միջամտությամբ, և նրանք նույնպես օգտագործեն Հայաստանի իրավիճակը։ Մենք չենք կարող Ուկրաինայի պես լինել, քանի որ աշխարհաքաղաքական, տնտեսական և ընկերային այլ հարաբերություններ ունենք,..»,- հավելեց Ահարոն Շխրտմյանը:
ՍԴՀԿ ատենապետ Նարեկ Գալստյանի դիտարկմամբ՝ նոր վարչապետի նշանակումը և նախկինի հրաժարականը քաղաքական մեծամասնության մենաշնորհն է, և այդ իրավունքը այս պահին պատկանում է իրենց, իսկ թե նորանշանակ վարչապետը ինչպիսի աշխատանք պետք է իրականացի և ինչ արդյունք գրանցի՝ պետք է սպասել: Համենյան դեպս, ՍԴՀԿ ատենապետի խորին համոզմամբ՝ անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ, և այդ համակարգային փոփոխությունները գալիս են ոչ թե անձի փոփոխմամբ, այլ իշխանությունների վարած քաղաքականության տրամաբանության ուղենիշի փոփոխությամբ:
«Հայաստանում 90-ականներից մինչև հիմա փոխվել են նախագահներ, վարչապետեր, ԱԺ նախագահներ, պատգամավորներ, բայց դրանից գործողությունների ուղենիշը չի փոխվել, հիմա սպասենք, թե ինչպիսի արդյունքներ կտան»,-ասաց նա:
Հին և նոր վարչապետերին համեմատելը Նարեկ Գալստյանն անշնորհակալ գործ է համարում, որովհետև այդ համեմատությունը կարելի է տեսնել միայն կատարած աշխատանքի արդյունքում. «Այն, որ Տիգրան Սարգսյանը բացառիկ ինտելեկտուալ անձնավորություն է՝ դրանում ոչ մի խոսք, բայց քաղաքական գործընթացները պետք է դատել քաղաքական արդյունքների հիման վրա»,- նշեց նա:
Ն. Գալստյանը նշեց, որ երկրի սոցիալ-տնտեսական ծանր վիճակը, որը, ՍԴՀԿ-ի խորին համոզմամբ, նախևառաջ գալիս է օլիգարխայի բացարձակ տիրապետությունից, այնուամենայնիվ, պետք է անկեղծ և ազնիվ լինել ու ասել, որ Տիգրան Սարգսյանի կառավարման տարիներին որոշակի նորամուծություններ եղան, քաղաքական նոր մշակույթի, հանդուրժողականության դրսևորումներ, կառուցողական քննարկումներ եղան. «Համենայն դեպս, ինձ համար ուրախալի է, որ Տիգրան Սարգսյանը վեց տարվա ընթացքում, լինելով ամենաքննադատված գործիչներից մեկը, իր քննադատողների հասցեին լցված չէր վրեժխնդրությամբ, մինչդեռ շատ հաճախ քննադատողներն անցնում էին բոլոր հնարավոր սահմանները»:










































