5 ֆրանսիացի և մեկ աֆղան զինվորականներ սպանվել են նախօրեին աֆղանական Կապիսա նահանգում: Ինչպես հաղորդում է Euronews-ը, ևս 4 ֆրանսիացի և երեք աֆղան ստացել են մարմնական վնասվածքներ: Այսօր Ֆրանսիայի խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգեց իրենց զինվորների հիշատակը, որոնք սպանվել են ճիշտ ազգային տոնի՝ Բաստիլի գրավման նախօրեին:
Ահաբեկչությունն իրականացրել է մահապարտը, որը մոտեցել է ֆրանսիացի զինվորականներին, որոնք պաշտպանում էին Ջոբայրե քաղաքում ընթացող ավագանու նիստը, և պայթեցրել իրեն: «Թալիբան» ահաբեկչական խմբավորումն արդեն ստանձնել է այս պայթյունի պատասխանատվությունը:
Հատկանշական է, որ պայթյունը տեղի է ունեցել մեկ օր անց այն բանից, երբ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին անսպասելի այցով ժամանել էր Աֆղանստան, որտեղ հայտարարել էր, թե պատրաստվում է մինչև տարվա վերջ Աֆղանստանից դուրս բերել մինչև 1000 զինվորական: 2001 թվից ի վեր Աֆղանստանում սպանվել է 69 ֆրանսիացի զինվորական: