ԲՀԿ պատգամավոր Դավիթ Քոչարյանը, ով պատգամավոր է ընտրվել Հրազդանի տարածաշրջանից, ԱԺ ԲՀԿ խմբակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել:
Դավիթ Քոչարյանը, ով մեծամասնական կարգով ընտրվել է պատգամավոր, հեռացել է նաև ԲՀԿ-ից: Թե ինչու է ԲՀԿ-ականը պատգամավորը լքել ԲՀԿ-ն, դեռ հայտնի չէ: Այս պահին նա Հայաստանում չէ: Նշենք, որ Դավիթ Քոչարյանը կմնա որպես անկախ պատգամավոր:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԲՀԿ-ն լքել էր նրա ազգականը, ում շնորհիվ երիտասարդ Դավիթ Քոչարյանը հայտնվեց քաղաքական հարթակում: Խոսքը ԲՀԿ նախկին պատգամավոր Մխիթար Հարությունյանի մասին, ով այժմ համակարգում է ԵԿՄ Հրազդանի տարածքային կառույցը: Մխիթար Հարությունյանը «Առաջին լրատվականի» հետ զրույցում հաստատեց, որ Դավթի Քոչարյանը խմբակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել՝ չցանկանալով խոսել պատճառների մասին. «Խնդրում եմ, ինձ քաղաքական հարցեր մի տվեք», – ասաց նախկին պատագամավորը:
Հիշեցնենք, որ մամուլի հրապարակումների համաձայն’ մարտի 9-ին Հրազդան քաղաքում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Քոչարյանն իր մոտ եղած ատրճանակի բռնակով հարվածել էր վիճաբանության մասնակիցներից մեկի գլխին, այնուհետև կրակել գետնին: Մինչդեռ ԲՀԿ-ական պատգամավորը հերքել է իր մասնակցությունը միջադեպին: «Իմ մոտ ոչ մեկ ոչ զենք ա տեսել, ոչ որևէ մեկին հարված ա եղել, ոչ կրակոց. բոլորն ինձ թիմակից ինձ շատ հարազատ մտերիմ մարդիկ են: Ես այդտեղ պատահաբար եմ գտնվել և ինձ մոտ ոչ ատրճանակ ա եղել, ոչ էլ: Մարդ են, թեթև բրթբրթել են իրար, ես չեմ էլ իմացել, թե ինչի համար ա»,- «Առավոտին» ասել էր Դավիթ Քոչարյանը`հավելելով, որ գործը հարուցվել է մեկ մարդու ցուցմունքի հիման վրա, ով հետագայում դիրել է իրեն`ասելով, որ ոստիկանությունում իրեն ծեծելով և սպառնալով ստիպել են նման ցուցմունք տալ ու խնդրել է, որ այսուհետ պատգամավորն իրեն պաշտպանի «քննիչների ճնշումներից»:







































