Ավստրալիայի ֆինանսների նախարար Ջո Հոկին հայտարարել է, որ երկրի կառավարությունը քննարկում է թոշակի անցնելու տարիքի բարձրացման հնարավորությունը: «Իմ սերնդի մարդիկ, հնարավոր է, ստիպված լինեն հավելյալ 3 տարի աշխատել»,- ABC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է 48-ամյա Հոկին: Նա նաև ակնարկել է թոշակների չափի նվազեցման հավանականության մասին:
Հոկին նշել է, որ հիմա երկիրը բավարար միջոցներ չունի և պետք է դժվարին քայլեր ձեռնարկի: «Լավ կլինի՝ մենք երկրում կյանքի ներկայիս մակարդակը պահպանելու հարցով կառուցողական քննարկում կազմակերպենք. խոսքը ոչ միայն թոշակների, այլև այլ հարցերի մասին է (սոցիալական ոլորտի)»,- պարզաբանել է Հոկին:
Ավստրալիայի գլխավոր տնտեսական խնդիրներից է նրա դաշնային բյուջեն. այն 7 տարի շարունակ պակասուրդ ունի այն դեպքում, երբ արդեն 22 տարի է՝ տնտեսական շարունակական աճ է նկատվում:
Ներկայումս ավստրալացիները (և՛ կանայք, և՛ տղամարդիկ) կարող են թոշակի անցնել 65 տարեկանում: 2017 թվականից կսկսվի ամեն երկու տարին մեկ կես տարով թոշակի անցնելու շեմի բարձրացումը, ինչի արդյունքում 2023-ին այն կհասնի 67-ի: Դատելով Հոկիի հայտարարությունից՝ արդյունքում այն կբարձրանա ևս 3 տարով:







































