«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը առայժմ չի հստակեցնում, թե ինչպիսի փոփոխություններ կլինեն նոր կառավարության կազմում՝ նշելով, որ նախագահը դեռևս շարունակում է բանակցությունները քաղաքական ուժերի հետ:
Սերժ Սարգսյանն այսօր անձամբ ուղեկցեց գործադիրի նոր ղեկավարին կառավարություն. շենքի դիմաց՝ դիմավորողների շարքում, սակայն, չկար նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Շենքում նոր վարչապետին ներկայացնելու արարողությունը տևեց մոտ կես ժամ: Ավարտին Հովիկ Աբրահամյանն իջավ Սերժ Սարգսյանին ճանապարհելու, հենց այդ ժամանակ էլ հաջողվեց նրան մի քանի հարց ուղղել:
«Իրավունք և պարտականություն եմ զգում»,- սրանք էին Աբրահամյանի առաջին բառերը՝ որպես վարչապետ լրագրողների հետ շփվելիս:
«Ես մեր խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի հետ համագործակցելու եմ, քաղաքացիական հասարակության, հասարակական կազմակերպությունների, նաև փորձագիտական խմբերի հետ: Բոլորի կարծիքները լսելու եմ»,- փոխանցեց նորանշանակ վարչապետը:
Հարցին, թե նախատեսո՞ւմ է ոչ իշխանական ուժերից կառավարության անդամներ ունենալ, Աբրահամյանը պատասխանել է․- «Եթե ցանկություն կլինի, հանրապետության նախագահը հիմա բանակցում է Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերի հետ, և որոշումները մենք միասին կկայացնենք»:
«Ազատության» հարցին, թե ինչպիսի՞ փոփոխություններ է անձամբ ինքը տեսնում կառավարության կազմում, Աբրահամյանը պատասխանեց՝ բոլոր տեսակի:
Անդրադառնալով տնտեսության բարելավման ուղղված իր ձեռնարկելիք առաջին քայլերին՝ վարչապետը նշել է․- «Առաջին քայլը լինելու է լսել բոլոր քաղաքական ուժերին, մենք միասին պետք է որոշում կայացնենք, ես լինելու եմ շատ թափանցիկ, բաց, հասանելի բոլորի համար»:
Մանրամասները՝ «Ազատություն» ռադիոկայանի կայքէջում:








































