Առաջիկա օրերին Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը պաշտոնական այցով կմեկնի Բաքու: Այս մասին «Վեստնիկ Կավկազա» պորտալի թղթակցին հայտնել է Իսրայելի ԱԳՆ-ի բարձրաստիճան աղբյուրը: Աղբյուրի խոսքով՝ Լիբերմանը մեծ պատվիրակության ուղեկցությամբ Բաքու կուղևորվի ապրիլի 30-ին, եթե որևէ արտակարգ դեպք տեղի չունենա:
Աղբյուրը նշել է, որ այցի ամփոփիչ ծրագիրը դեռևս մշակվում է, սակայն արդեն հայտնի է, որ Լիբերմանը հանդիպոմներ կունենա նախագահ Իլհամ Ալիևի և պետության այլ ղեկավարների հետ: Կողմերը կքննարկեն գյուղատնտեսությանը, առողջապահությանը, բարձր տեխնոլոգիաներին, պաշտպանական արդյունաբերությանը և փոխադարձ ուղևորությունների դյուրացմանը վերաբերող հարցեր: Կասկած չկա, որ կքննարկվեն նաև միջազգյաին խնդիրներ, այդ թվում՝ իսրայելա-պաղեստինյան բանակցությունները:
Ուշագրավ է այն գործոնը, որ Լիբերմանի այցը կատարվում է Ալիևի՝ Իրան այցից անմիջապես հետո: Իսրայելի հետ Ադրբեջանի համագործակցությունը միշտ առաջացրել է իրանական կողմի դժգոհությունը: Սակայն Իրանի նախագահի պաշտոնում Հասան Ռուհանիի ընտրությունից հետո նման հռետորություն այլևս չի նկատվում, և Թեհրանը փորձում է մեղմել լարվածությունը Բաքվի հետ հարաբերություններում:








































