Չինաստանի Սյանտաո քաղաքի 34-ամյա բնակիչ Չժու Շենկայը մանկության շրջանում գլխի վնասվածք է ստացել և դադարել է աճել: Այժմ տղամարդը ընդմիշտ մնացել է երեխայի մարմնում, հայտնում է Mail Online-ը:
Վեց տարեկան հասակում տղան գլխին ուժեղ հարված է ստացել, որից հետո նրա ջերմությունը բարձրացել է: Բժիշկները երեխայի գլխուղեղում արյան մակարդուկ հայտնաբերելուց հետո վիրահատել են նրան:
Որոշ ժամանակ անց Չժուի ծնողները նկատել են, որ իրենց որդին դադարել է փոխվել: Մարզային հիվանդանոցի մասնագետները պարզել են, որ երեխայի մոտ վնասված է մակուղեղը (հիպոֆիզը` հորմոնային համակարգի կենտրոնական օղակներից մեկը), ինչի պատճառով նա դադարել է աճել: Չժու Շենկայի ֆիզիկական զարգացումը դադարել է 6 տարեկանում:
«Ես չեմ կարող ծերանալ»,- կատակում է տղամարդը՝ ցավով նշելով, որ չի կարող ամուսնանալ կամ երեխաներ ունենալ:
Նրա խոսքերով, իրեն հաճախ են փոքր տղայի տեղ ընդունում՝ արտաքին տեսքի և մանկական ձայնի պատճառով, ինչը նրա մոտ նույնպես չի փոխվել:
«Չնայած իմ բոլոր ընկերները մի օր ծեր ու կնճռոտ կլինեն, ես երիտասարդ կմնամ այս անմեղ, մանկական դեմքով»,- նշել է նա:






































