«Եթե պարոն Աբրահամյանը նշանակվելուց անմիջապես հետո փակի պարտադիր կուտակայինի մասին խոսակցությունները, Երևանի բոլոր փողոցներից տեսախացիկներն ու կարմիր գծերը վերացվեն, հայտարարի, որ կառավարությունը ձևավորվելու է բացառապես արհեստավարժ մասնագետներով, և ինքը իրավունք ունի Սահմանադրության, օրենքների շրջանակներում իրականացնել իր պարտականությունները և որևէ մեկի կամքը ուղղակի չի կատարելու, ապա գուցե որոշակի ժամանակահատվածում հույս արթնանա, որ որոշակի բան հնարավոր է փոխել»,-անդրադառնալով Հովիկ Աբրահամյանի վարչապետ նշանակվելու հանգամանքին՝ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը:
Նա ընդգծեց, որ եթե դա միանգամից չարվեց, նշանակում է՝ ոչ մի փոփոխություն չի լինելու․ «Չնայած՝ ես պարոն Աբրահամյանի ունակությունները շատ բարձր եմ գնահատում, բայց ոչ մի բան չի փոխվելու, նա հայտնվելու է նույն կարգավիճակում, ինչ Տիգրան Սարգսյանն էր, վարկաբեկվելու է»:
Մեր այն հացին, թե հնարավո՞ր է, որ այս նշանակմամբ իշխանությունը հանձնվում է, Իսագուլյանն ասաց․ «Ես առայժմ չեմ ուզում որևէ մեկնաբանություն անել, ես ուզում եմ հավատալ, որ գործող նախագահի՝ մեկ օր առաջ արած հայտարարությունը համապատասխանում է իրականությանը, և ամեն ինչ արվելու է, որ Հայաստանի ներքաղաքական լարված վիճակը, սոցիալական ծանր վիճակը փոխվի»:









































