Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, հուլիսի 13-ին Բրազիլիայում տեղի է ունեցել ավիավթար, որի հետևանքով զոհվել է 16 մարդ՝ 14 ուղևոր և անձնակազմի երկու անդամ: Որևէ ուղևորի չի հաջողվել փրկվել:
Noar Linhas Aereas ավիաընկերության ինքնաթիռը կատարում էր տարածաշրջանային չվերթ՝ Ռեսիֆի-Նատալ ուղղությամբ: Ինչպես հաղորդել են բրազիլական իշխանությունները՝ ինքնաթիռը թռիչքից անմիջապես հետո հայտնել է տեխնիկական խնդիրների մասին, 10 րոպե անց օդաչուները փորձել են վայրէջք կատարել լողափերից մեկում, սակայն ինքնաթիռն ընկել է և այրվել:
Ինչպես հաղորդում է France Presse գործակալությունը, հրշեջները տեղի հեռուստաընկերություններից մեկին ասել են, թե օդաչուներին հաջողվել է սխրանք գործել, քանի որ մեծ վտանգ է եղել, որ ինքնաթիռը կընկնի խիտ բնակեցված շրջանի վրա:





































