«Մարտի 1-ի գործընթացը դանդաղ է ընթանում, և դա օգուտ չէ արդարադատությանը: Պաշտպանական կողմը շեշտադրումը անում է պրոցեսի ձգձգման վրա, որպեսզի ասեն՝ երկու տարի է՝ մարդուն չեք դատում, բերեք բաց թողնենք: Իմ կարծիքով՝ այդ կարևորության գործը պետք է արագ քննվի, ու մեր հանրությունը պետք է արագ ունենա բոլոր հարցերի պատասխանները: Մինչև եկող ընտրություններ այդ գործը պետք է փակ լինի. սա իմ կարծիքն է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը:
Մեր զրուցակիցը ընդգծեց՝ իր կոլեգաները ևս պետք է ցանկանային գործը արագացնել, ինչը, սակայն, նա չի տեսնում. «Գործը ձգձգելը նրանց մարտավարությունն է: Ձգձգումը դասագրքային իմաստով կարող է էֆեկտ տալ, որովհետև եվրոպական իրավակիրառ պրակտիկան ասում է, որ գործը պետք է քննվի ողջամիտ ժամկետում, անձը չի կարող մնալ կալանքի տակ անհայտ հեռանկարով, անկախ նրանից՝ դա Քոչարյանն է, թե սովորական գրպանահատ Սաքոն. դատում եք՝ դատեք, չեք դատում՝ ուրեմն բաց թողեք: Փաստաբանները վաղուց պետք է բարձրաձայնեին, որ Ռոբերտ Քոչարյանը արդեն տարիուկես է՝ գտնվում է կալանքի մեջ, էս ի՞նչ եք անում, հարգելի պետություն: Սակայն ձայն չկա»:
Ալեքսանդր Սիրունյանն ընդգծեց՝ այս գործը քաղաքական բաղադրիչ չունի. «Պերեվառոտի քաղաքականը ո՞րն է, 10 զոհի քաղաքականը ո՞րն է: Ռոբերտ Քոչարյանը սովորական քրեական բանտարկյալ է, որը շատ հիմնովին մեղադրվում է պետական հեղաշրջում կատարելու մեջ»:
Ինչպես նշեց մեր զրուցակիցը՝ հասարակությունը պետք է իմանա, թե ինչու էր 30 տարի երկիրն ապրում ոչ պետական կանոններով. «Պետք է տրվի նաև դրա քաղաքական գնահատականը, որպեսզի մենք ապագայում չունենանք 96թ. սեպտեմբերի 26, Մարտի 1, Հոկտեմբերի 27 և այլն»:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:











































