«Կանխատեսելի և Հանրապետական կուսակցության կողմից ամենատրամաբանական նշանակումն է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետի պաշտոնում Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի թեկնածության հաստատմանը:
Իսկ ինչպե՞ս է գնահատում վարչապետի պաշտոնում նրա նշանակումը: Արդյոք Հ.Աբրահամյա՞նն է այն մարդը, որը կարող է լավ վարչապետ լինել և Հայաստանի տնտեսությունը զարգացնել: «Կսպասենք ներկայացնի ծրագիրը՝ կտեսնենք»,- կարճ պատասխանեց նա:
Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ էր տրամաբանված վարչապետի պաշտոնում Հ.Աբրահամյանի նշանակումը, Գ.Արսենյանն այսպես պատասխանեց. «Որովհետև այն մարդն է հավակնում այդ պաշտոնին, ով իրենց քաղաքական կառույցում ընտրությունների ժամանակ ամենաէական դերակատարությունն է ունեցել և՛ խորհրդարանական ընտրություններում, և՛ նախագահական ընտրություններում, ինչպես նաև կազմակերպել է իրենց քաղաքական թիմի խորհրդարանական աշխատանքը»:
Հիշեցնենք, որ Հ.Աբրահամյանը 2012թ. խորհրդարանական ընտրություններում եղել է Հանրապետական կուսակցության շտաբի պետը, իսկ 2013թ. նախագահական ընտրություններում՝ Սերժ Սարգսյանի շտաբի պետը: Բայց եթե այդ երկու ընտրությունների ժամանակ էլ ՀՀԿ-ի հաղթանակի համար Հ.Աբրահամյանի գործունեությունն էական նշանակություն է ունեցել, այդ դեպքում ինչո՞ւ այդ ժամանակ նա չնշանակվեց վարչապետ: Չէ՞ որ այդ երկու ընտրություններից հետո էլ կառավարության փոփոխություն է տեղի ունեցել, և երկու դեպքում էլ Տիգրան Սարգսյանը վերանշանակվել է: Հատկապես որ Հ.Աբրահամյանը այդ շրջանում էլ փափագում էր դառնալ վարչապետ, և ամեն ինչ անում էր այդ պաշտոնը ստանալու համար: «Այն ժամանակ կար այդ վարչապետը: Հաղթող թիմն իր վարչապետին չի փոխել: Այսինքն՝ իրենք պահել են իրենց իշխանությունը: Բայց հիմա, երբ վարչապետը գնացել է, դրա համար էլ նշանակում են հաղթող թիմի կազմակերպչին»,- ասաց Գ.Արսենյանը:











































