Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն հայտարարություն է տարածել՝ կապված Հայաստանում ՍԴ շուրջ իրավիճակի հետ։
Այստեղ հիմնական խնդիրն ու խոչընդոտն արդյոք Հրայր Թովմասյա՞նն է, թե՞ Թովմասյանին որպես շիրմա օգտագործող նրա հովանավորներն ու պատվիրատուները, որոնք բոլոր ուղղություններով հիբրիդային պատերազմ են հայտարարել ՀՀ քաղաքացիներին․ «Առաջին լրատվական»-ի հարցին վերլուծաբան Նժդեհ Հովսեփյանը պատասխանեց․ «Նախ՝ Բուքիքիոյի հայտարարության հետ կապված ասեմ, որ այդ հայտարարությունն այնքան լատենտ է, որ յուրաքանչյուրն իր կարծիքը կարող է ունենալ այդ հայտարարության հետ կապված և, ըստ էության, ճիշտ լինել։ Այսինքն՝ չկա մի հստակ կարծիք, թե ինչ է ուզում ասել Վենետիկի հանձնաժողովի նախագահը։ Իսկ եթե վերադառնանք հայկական իրականություն՝ անշուշտ, Սահմանադրական դատարանի ճգնաժամն արդեն ամիսներով ձգձգվում է։ Սա բավականին վատ է, որովհետև, ըստ էության, ոչ միայն մաշում է քաղաքական օրակարգը, այլ նաև այսօր մենք խոսում ենք մի անհատի պաշտոնավարման շարունակականության կամ նրա դադարեցման մասին։ Սա վնասում է նաև պետությանը, իբրև կենդանի օրգանիզմ, որովհետև, եթե դիտարկենք Ռոբերտ Քոչարյանի դատավարությունը, այնուհետև Հրայր Թովմասյանի պաշտոնանկության հարցը, ապա մենք նեղ անձնական հարցերում ենք։ Դա այդպես չպիտի լիներ։ Հիշո՞ւմ եք Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի առաջին հայտարարությունը և նամակը՝ ուղղված գործադիրին, նախագահին և օրենսդիրին։ Եթե այդ հայտարարության հետքերով գնար իշխանությունը, շատ ավելի նախընտրելի կլիներ, և կարծում եմ՝ առարկայաբար մենք այդ հարցը պետք է լուծեինք մինչև սեպտեմբերի վերջ։ Բայց այդպես չեղավ, և կարծում եմ, որ առաջիկայում իշխանությունը պետք է թափ հաղորդի, որպեսզի այն կարգավորվի»։
Իսկ քաղաքագետ Էդգար Վարդանյանն էլ ասաց․ «Նախ՝ այն որոշակիությունը, որը մենք պետք է ունենայինք վաղուց։ Տեղի է ունեցել հեղափոխություն՝ քաղաքական համակարգի փոփոխություն, այսինքն՝ ավտորիտար քաղաքական համակարգից մենք անցում ենք կատարել կամ կատարում դեպի ժողովրդավարական քաղաքական համակարգ։ Բայց եթե դու դատական իշխանությունը չես կայացրել, եթե դատական իշխանության հիմնարար ինստիտուտներից մեկը՝ Սահմանադրական դատարանը, ըստ էության, պարալիզացված է կամ ճգնաժամի մեջ է, ապա, բնականաբար, մենք չենք կարող խոսել լիարժեք տրանզիտի մասին։ Այսինքն՝ դա նշանակում է, որ մեր տրանզիտը ձգձգվում է, և ժողովրդավարությունն ամբողջապես կայացած չէ։ Այսինքն՝ մենք ունենք գործող ընտրական ինստիտուտ, ձևավորել ենք լեգիտիմ խորհրդարան, գործադիր իշխանություն, բայց դատական իշխանությունը, որը պետք է կայացած լինի ժողովրդավարության սկզբունքներով, նույնպես լինի լեգիտիմ, կատարի իր ֆունկցիաները, մենք չունենք»։
Մանրամասները՝ տեսանյութում։











































