Թեյլոր Սվիֆթը American Music Awards-ի (AMA) մրցանակ կստանա «տասնամյակի արտիստ» հեղինակավոր անվանակարգում: Այդ մասին հայտնել է Variety-ն:
«Նա AMA-ի ամենաշատ պարգևներն ունի այս տասնամյակում: 2019 թվականին Սվիֆթը պարգևի է ներկայացվել հինգ անվանակարգում: Բացի այդ, նոյեմբերի 24-ին մասնակցելու է AMA-ի Live համերգին Նյու Յորքում»,-ասվում է American Music Awards-ի հայտարարության մեջ:
Անցյալ տարի երգչուհին Ուիթնի Հյուսթոնից առաջ էր անցել կանանց շրջանում AMA-ի պարգևների թվաքանակով, իսկ այս տարի նա բոլոր հնարավորություններն ունի գերազանցելու Մայքլ Ջեքսոնին, որը դեռ առաջատար է իր 24 մրցանակով: Այսօրվա դրությամբ Թեյլորն ունի 23 մրցանակ:
Այս տարի Սվիֆթն առաջադրված է տարվա տեսահոլովակ, սիրված փոփ/ռոք ալբոմ (Lover), սիրված փոփ/ռոք երգչուհի, սիրված ժամանակակից կատարող, տարվա երգիչ անվանակարգերում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:













































