Մեծ Բրիտանիայի Բրիստոլ քաղաքում թոշակառու կինը մկանը բռնելու անհաջող փորձի արդյունքում մնացել է խոհանոցի պահարանի հետևում և չկարողանալով դուրս գալ՝ մահացել է, հայտնում է The Mirror-ը:
2019-ի հունիսի 23-ին 74-ամյա Քերոլ Ուիլյամսի անհետացման մասին հայտարարել է տաքսու վարորդը այն բանից հետո, երբ բրիտանուհին չի մոտեցել մեքենային նախապես ծրագրված ուղևորության համար և չի պատասխանել հեռախոսազանգերին:
Հունիսի 24-ին ոստիկանությունը սկսել է զբաղվել կնոջ որոնումներով: Իրավապահները թոշակառու կնոջ տուն են եկել և նրա մարմինը գտել խոհանոցի կահույքի հետևում:

Կնոջ մտերիմներն ասել են, որ վերջին անգամ Ուիլյամսին տեսել են նրա դին հայտնաբերելուց երկու օր առաջ: Դիահերձման միջոցով հնարավոր չի եղել պարզել, թե կինը որքան ժամանակ է մնացել թակարդում և նրա մահվան ճշգրիտ պատճառը:
Հետաքննությունը չի հայտնաբերել արտաքին վնասվածքներ կամ նշաններ, որ նա սրտի կաթված է ունեցել: Ըստ վարկածներից մեկի՝ Ուիլյամսը կարող էր մահանալ ջրազրկումից: Թոշակառուի ընկերուհիները ենթադրել են, որ նա մնացել է պահարանի հետևում այնտեղ թաքնված մկանը բռնելու անհաջող փորձի արդյունքում:
Ավելի ուշ, դատարանը որոշում է կայացրել, որ կինը մահացել է դժբախտ պատահարից:








































