Հոկտեմբերի 27-ի քսաներերոդ տարելիցին ընդառաջ հայ հանրության համար անակնկալ էր նախ՝ ահաբեկչության պարագլուխ Նաիրի Հունանյանի դիմումը իրեն պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու խնդրանքով, երկրորդը՝ ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի այցը եւ երկուսուկես ժամանոց հանդիպումը Նաիրի Հունանյանի հետ։
Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանը կարծում է, որ Նաիրի Հունանյանն օգտվել է իր իրավունքից եւ դիմել է ՔԿՀ՝ իրեն ազատ արձակելու խնդրանքով՝ «փորձը փորձանք չէ» սկզբունքով։ Միաժամանակ Կարապետ Ռուբինյանը կարծում է, որ մեր հասարակությունը պատրաստ չէ ընդունելու Նաիրի Հունանյանին, եւ իշխանություններն էլ նրան չեն ընդառաջի։
Կարապետ Ռուբինյանը Արման Բաբաջանյանի՝ Նաիրի Հունանյանի հետ հանդիպումից հետո տված հարցազրույցներից այն տպավորությունն է ստացել, որ ինքը շատ ինֆորմացիա է ստացել, եւ այն կարող է շատ կարեւոր կլինի՝ Հոկտեմբերի 27-ի գործը վերաբացելու եւ ճշմարտությանը հասնելու համար։
«Մի քիչ զարմանալի է, որ հեղափոխությունից մեկ ու կես տարի հետո ավելի իրավասու մարմինները նման զրույց չէին ունեցել։ Մի քիչ կասկածելի է, որ նրանք մինչեւ հիմա պետք է նման զրույց ունենային եւ հանգեին նման եզրակացության։ Եթե ճիշտ են Արման Բաբաջանյանի ասածները եւ տպավորությունները, նա նոր տեղեկատվություն է ստացել Նաիրի Հունանյանից, ապա այդ ամենը կարող է հիմք դառնալ գործը վերաբացելու համար»,- ասաց ԱԺ նախկին փոխնախագահը։
Միաժամանակ մեր զրուցակիցը կարծում է, որ Ազգային անվտանգության մարմիններին Արման Բաբաջանյանը կարող է տեղեկատվություն փոխանցել, եւ դա պետք է նա անպայման անի, ինչից էլ իշխանությունները կարող են համապատասխան եզրակացություն անել։
«Ինքն էլ իր հարցազրույցներում ուղիղ տեքստով ասաց, որ ԱԱԾ-ին ասելիքներ ունի։ Իրենք էլ պետք է հանդիպեն, լսեն, տեսնեն, թե ինչ ասելիք ունի նա։ Ճիշտ կլինի նաեւ, որ ընթացքի մասին տեղյակ պահեն նաեւ հասարակությանը»,-ասաց Կարապետ Ռուբինյանը։









































