Ահաբեկիչներ Աբու Աբդել Ռահման ալ-Ջեզրաուին և Աբու Օսման ալ-Ֆարանսին կարող են գլխավորել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը՝ խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի ոչնչացումից հետո: Այս մասին հաղորդել է Al Mayadeen հեռուստաալիքը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Ըստ հեռուստաալիքի տեղեկատվության, նրանք ահաբեկչական խմբավորման առաջնորդի ամենամոտ օգնականներն էին: Ոչնչացման գործողությունը նախատեսվում էր իրականացնել դեռ հինգ օր առաջ, բայց երեք անգամ հետաձգվել է ալ-Բաղդադիի շրջապատում կանանց և երեխաների ներկայության պատճառով, նշում է Al Mayadeen-ը:
Հոկտեմբերի 27-ին հայտնի դարձավ, որ ԱՄՆ զինված ուժերը հատուկ գործողություն են իրականացրել, որի արդյունքում ոչնչացվել է Բաքր ալ-Բաղդադին: Ըստ Newsweek պարբերականի տեղեկությունների, ԱՄՆ պաշտպանության նախարարությունը «բարձր վստահությամբ» Սպիտակ տուն տեղեկատվություն է փոխանցել, որ գործողության արդյունքում հաջողվել է ոչնչացնել «արժեքավոր թիրախը»: Հատուկ գործողությունն ինքնին իրականացվել է հոկտեմբերի 26-ին: Ըստ որոշ տեղեկությունների, դեռ մեկ շաբաթ առաջ այն հավանության է արժանացել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից:
ԻՊ-ի առաջնորդի ոչնչացման վայրում հայտնաբերվել է յոթ մարմին, այդ թվում՝ երեխայի և երեք կնոջ: Anadolu գործակալության փոխանցմամբ, հատուկ գործողությանը ներգրավվել է ութ ուղղաթիռ և երկու անօդաչու սարք: Թուրքական զինուժը տեղյակ է եղել նախապատրաստվող գործողության մասին:










































