Այսօր` հոկտեմբերի 27-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 09։00-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 և ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Անտառուտ գյուղի տներից մեկի մոտ պայթյուն է տեղի ունեցել և կան տուժածներ, հայտնում է shamshyan.com-ը։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության օպերատիվ խումբը։ Ժամանել են նաև ԱԻՆ ՓԾ Աշտարակի թիվ 19 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Ոստիկաններն ու փրկարարները նշված գյուղի 2-րդ փողոցի թիվ 3 տան բակում՝ այգում, հայտնաբերել են Նորիկ Մադոյանի և նրա կնոջ՝ Վարդուհի Մադոյանի դիերը։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքի վայր են ժամանել Բյուրականի գյուղապետ Զարզանդ Բաբայանն ու Անտառուտի գյուղապետ Հովիկ Զաքարյանը։ Այս պահին դեպքի վայրում ուժեղացված ծառայություն են կատարում ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները, մինչև կմոտենան Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության քննիչները։ 1 հոգի ծայրահեղ ծանր ախտորոշմամբ Աշտարակի հիվանդանոցի բժիշկների կողմից տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը։ Պայթյունի պատճառը եղել է այն, որ ամուսիններն իրենց տան դիմաց կայանված Kia մակնիշի 10 NN 110 համարանիշի ավտոմեքենայի գազաբալոնից ռետինե խողովակ են միացրել և այն երկարացված վիճակում բերել են, այգում տեղադրված օղի թորելու հարմարանքին են միացրել՝ փորձելով այդ կերպ կրակ ստանալ, ինչն էլ, ցավոք, պայթյունի պատճառ է դարձել։ Տան քարե ցանկապատը փլուզվել է, լուսամուտներն ամբողջովին կոտրվել ու մի քանի մետր շպրտվել են։ Պայթյունի հետևանքով հրդեհ չի առաջացել։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածների, ավտոմեքենայատիրոջ և վիրավորի ամբողջական տվյալները։ Դեպքի վայր պետք է ժամանեն փորձաքրեագիտական վարչության պայթյունատեխնիկական փորձագետները։









































