Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը մեկնաբանել է խոսակցությունները, ըստ որոնց՝ եթե Հովիկ Աբրահամյանը նշանակվի վարչապետ, ինքը կարող է նշանակվել արդարադատության նախարարի պաշտոնում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Լրատվամիջոցի հետ զրույցում Դավիթ Հարությունյանը նշել է. «Սա քաղաքական խորհրդակցությունների գործընթաց է, և այդ գործընթացքում ոչինչ բացառել չի կարելի: Սակայն այս պահին ես դրա վերաբերյալ հստակ ոչինչ չեմ ցանկանում ասել»: Պատգամավորն ասել է, որ ամեն ինչ կախված է այն բանից, թե ով կնշանակվի վարչապետ, և հստակ կլինեն նրա գործունեության ծրագրերը և ուղղությունները: «Վարչապետը 20 օրվա ընթացքում կձևավորի կառավարությունը, ինչի բուն նպատակը թիմ ձևավորելն է»,- ասել է նա:
Դավիթ Հարությունյանը բացատրել է, որ թիմ ասելով, նկատի չունի մերձավորներին, այլ նկատի ունի թիմ, որն ունի միասնական գաղափարներ: «Կառավարությունը ոչ թե ուղղակի նախարարների գումար է՝ այս նախարարն` իր ոլորտում, այն նախարարն` իր ոլորտում, այլ այն բանի համար է կառավարություն կոչվում, որ յուրաքանչյուր նախարար պատասխանատու է ամբողջ կառավարության գործունեության համար»,- պարզաբանել է ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը:
Մանրամասները՝ «Արմենպրես»-ում












































