65 տարին լրացած միայնակ տարեց մարդկանց թիվը Ճապոնիայում գերազանցել է 5.01 մլն-ը, որը 3.8 անգամ ավելի է, քան 1986 թ.-ին, երբ առաջին անգամ սկսեցին իրականացվել նմանատիպ հետազոտություններ: Սա ամենաբարձր ցուցանիշն է վերջին տարիների համեմատ: Այս տեղեկությունները չորեքշաբթի օրը հրապարակել է Ճապոնիայի առողջապահության, աշխատանքի և բարեկեցության նախարարությունը:
Նախարարության վիճակագրական հետազոտություններն իրականացվում են ամեն տարի՝ պատահական ընտրված ընտանիքներում կատարված ուսումնասիրությունների հիմա վրա: Մոտավոր վիճակագրությունը ստացվել է 230 ճապոնական ընտանիքներում կատարված հետազոտություններից հետո: Ճապոնիայում ընդունված սոցիոլոգիական դասակարգմամբ ընտանիք տերմինն օգտագործվում է նաև այն դեպքում, երբ այն բաղկացած է մեկ մարդուց:
Նախարարության տվյալներով՝ երկրում միայնակ տարեցների թիվն առաջին անգամ գերազանցել է 5 մլն-ը: Ընդհանուր առմամբ երկրում կա 20.7 մլն ընտանիք, որոնցում կան տարեցներ: Դա 580 հազար ընտանիքով ավելի է, քան նախորդ տարվա նույն ցուցանիշը և ամենաբարձր ցուցանիշն է նման վիճակագրության անցկացման ողջ ընթացքում:
«Հասարակության ծերացման» խնդիրը, որը կապված է մի կողմից երկարակեցության ավելացման, մյուս կողմից էլ՝ ծնելիության նվազման հետ, կարող է լուրջ խնդիր ստեղծել Ճապոնիայի համար մոտ ապագայում, քանի որ տարեցտարի ավելանում է այն մարդկանց թիվը, որոնք ապրում են կենսաթոշակներով, և կրճատվում է երկրի աշխատունակ զանգվածի տոկոսը: Ներկայումս 65 տարին լրացած մարդիկ կազմում են երկրի բնակչության հինգերորդ մասը:









































