Արկանզասում (ԱՄՆ) որսի ժամանակ եղջերուն սպանել է 66-ամյա փորձառու որսորդին, որի գնդակից վիրավորվել էր, հայտնում է CNN-ը:
Ամերիկացին մահացել է կենդանու հասցրած վնասվածքներից: Վիրավոր տղամարդուն գտել է նրա զարմիկը, ում հետ նա որսի էր գնացել: Ամերիկացին նույնիսկ հասցրել է զանգահարել կնոջը, բայց բժիշկների ժամանելուց առաջ մահացել է: Միևնույն ժամանակ, բժիշկները չեն շտապում եզրակացություններ անել մահվան պատճառների վերաբերյալ: Ի վերջո, տղամարդը կարող էր մահանալ սրտի կաթվածից կամ այլ առողջական խնդիրների հետևանքով: Փորձագետները նշում են, որ վիրավոր կենդանիների հետ կապված վնասվածքները որսի ժամանակ հաճախ են պատահում: Երբեմն կենդանիները խաբում են որսորդներին՝ սատկած ձևանալով: Բայց երբ որսորդը մոտենում է՝ ցատկում են և փախչում՝ հաճախ վնասելով նրանց:








































