2014 թվականի սկզբից ավելի քան 215 հազար մարդ է լքել Սուդանի Դարֆուր նահանգն այդ տարածաշրջանում շարունակվող բախումների պատճառով: Այս մասին ասվում է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի, մարդասիրական օգնության և ճգնաժամային արձագանքման հարցերով եվրահանձնակատար Կրիստանլինա Գեորգևայի և զարգացման հարցերով եվրահանձնակատար Անդրիս Պիեբալգսի տարածած համատեղ հայտարարության մեջ՝ փոխանցում է ITAR-TASS-ը:
Հայտարարության մեջ նաև նշվում է, որ 2014-ին ԵՄ-ն արդեն ավելի քան 37 մլն եվրոյի մարդասիրական օգնություն է հատկացրել այդ տարածաշրջանում բռնությունից տուժածների համար:
«Մենք դիմում ենք Սուդանի կառավարությանը և հակամարտող բոլոր կողմերին՝ կրկնապատկելու խաղաղ կարգավորման ձեռք բերման ջանքերը»,- նշվում է համատեղ հայտարարության մեջ:
2003 թվականից Դարֆուրում բախումների հետևանքով զոհվել է մոտ 300 հազար մարդ, մոտ 3 միլիոնը դարձել է փախստական:
Նշենք, որ տարածաշրջանում գործում է Աֆրիկյան միության և ՄԱԿ-ի համատեղ խաղաղապահ առաքելությունը:







































