2013 թվականի նախագահական ընտրություններից մեկ տարի անց Հայաստանում, կարելի է ասել, ստեղծվում է ներքաղաքական նոր ստատուս-քվո: Մեկ տարի շարունակ նախագահական ընտրություններից հետո հաստատված և քաղաքապետական ընտրություններով սրբագրված մի ստատուս-քվո էր, որը ապրիլի 10-ին կարծես թե լիովին այլ շրջադարձ ունեցավ: ՀՀԿ-ի գործկոմի նիստում Հովիկ Աբրահամյանի թեկնածության տապալումը, իսկ դրա տաք հետքով էլ Տեր-Պետրոսյան-Ծառուկյան-Հովհաննիսյան հանդիպումը առանց Դաշնակցության, ըստ էության, ներքաղաքական նոր ստատուս-քվոյի վկայությունն են, որում շատ մեծ է գործընթացներում կոշտ դիմակայության ուժգնացման հավանականությունը: Համենայն դեպս, ակնհայտ է, որ տեղի է ունեցել համաձայնության ձեռքբերման գործընթացի տապալում, այսինքն՝ ինչ-որ բանում վերջնական պայմանավորվածությունը ձախողվել է:
Պայմանավորվածությունը ձախողվել է ԲՀԿ-ի հետ: Հարց է առաջանում՝ ինչո՞ւ: Ինչո՞ւ հրաժարական տվեց Տիգրան Սարգսյանը հարցին այսօր փոխարինել է ինչո՞ւ չնշանակվեց Հովիկ Աբրահամյանը հարցը: Այսինքն՝ ինչո՞ւ չկայացավ վերջնական համաձայնություն ԲՀԿ-ի հետ:
Այս հարցի պատասխանը փնտրելիս երևի պետք է գնալ ՀՀԿ գործկոմում վարչապետի հարցի տապալումից մի քանի ժամ առաջ և ուշադրություն դարձնել Սերժ Սարգսյանի՝ նույն օրը առավոտյան նախագահական նստավայրում հնչեցրած ելույթին, հատկապես այն հատվածին, որում նա կարծում է, թե մեկ անձը երկու ժամկետից հետո իրավունք չունի պետական ղեկին հավակնել: Եվ սա հնչում է սահմանադրական բարեփոխումների մասին խոսքերի համատեքստում, այսինքն՝ շատ հավանական է, որ սա, ըստ էության, ոչ միայն քաղաքական մեսիջ է երկու ժամկետ պաշտոնավարած առաջին և երկրորդ նախագահներին, այլ նաև, ըստ էության, սահմանադրորեն ամրագրելու մտադրության ակնարկ: Ըստ որում՝ շատ հատկանշական է մի բան. Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ ինքը այնքան էլ կողմնակից չէ խորհրդարանական կառավարման անցնելուն և կառավարման ներկայիս ձևն է նախընտրում: Այսինքն՝ Սերժ Սարգսյան ցույց է տալիս, որ ինքը խորհրդարանական մոդելի գնալով՝ այսպես ասած, զիջման է գնում, ու երևի թե այս մասին նա ակնարկում է՝ ակնկալելով, որ «քառյակը», կամ նույնն է թե՝ ԲՀԿ-ն, իսկ ավելի ճիշտ կլինի ասել՝ Ռոբերտ Քոչարյանը, զիջման կգնան «երկու ժամկետից ավելիի» հնարավորությունները սահմանադրորեն արգելափակելու առաջարկի հարցում: Այսինքն՝ ես ձեր պահանջով գնում եմ խորհրդարանականի, դուք էլ եկեք իմ առաջարկով ձեր կողմից զիջեք և համաձայնեք ինձ հետ միասին խաղից դուրս գալուն:
Եվ չի բացառվում, որ հենց այս հարցում է տապալվել համաձայնությունը, այսինքն՝ այդ արգելքի հարցում: Հենց սա էլ հիմք է տալիս կարծելու, որ տապալվել է Ռոբերտ Քոչարյանի ազդեցությամբ, քանի որ Սերժ Սարգսյանի առաջարկած արգելքը, ըստ էության, հենց դրան է վերաբերում, այլապես սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը, ըստ էության, այն է, ինչ ասում էր ԲՀԿ-ն 2012 թվականի խորհրդարանական ընտրություններից ի վեր: Հետևաբար, կուսակցությունն այդ հայեցակարգին դեմ լինելու խնդիր չուներ, առավել ևս, որ հայեցակարգը դեռ պետք է քննարկումների փուլ անցնի:
Դեմ լինելու խնդիր ուներ Ռոբերտ Քոչարյանը, եթե, իհարկե, Լևոն Տեր-Պետրոսյանն էլ չի վերանայել «68»-ի իր տեսությունը: Ըստ ամենայնի, այստեղ դրսևորվել է ոչիշխանական ուժերի, կամ ավելի կոնկրետ՝ այդ ուժերի ակնհայտ առաջնորդ և լոկոմոտիվ ԲՀԿ-ի վրա Ռոբերտ Քոչարյանի ազդեցությունը: Եվ այստեղ, ըստ էության, գործ ունենք կա՛մ ներիշխանական դիմակայության նոր՝ կոշտ փուլի հեռանկարի հետ, կա՛մ պարզապես ներիշխանական երկրորդ բևեռում ԲՀԿ-ի դիրքերի ամրապնդման նոր ալիքի, որի մեկնարկը տրվել է երեկ գիշեր տեղի ունեցած Ծառուկյան-Տեր-Պետրոսյան-Հովհաննիսյան ձևաչափում:
Լուսանկարը՝ Mediamax-ի











































