ՀՀ փոխվարչապետի, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գևորգյանի մոտ այսօր կայացած խորհրդակցությանը քննարկվել են ՀՀ կառավարության ապրիլի 10-ի նիստում ընդունված՝ ցրտահարության հետևանքով տուժած գյուղացիական տնտեսությունների աջակցության ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր:
Տարածքային կառավարման նախարարության և հասարակայնության հետ կապերի բաժնից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ մասնակցել են ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Արտեմ Ասատրյանը, ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը, ինչպես նաև Արարատի, Արմավիրի, Արագածոտնի և Կոտայքի մարզպետները:
Արձանագրվել է, որ ցուցաբերվող օժանդակությունը պետք է լինի խիստ հասցեական՝ հաշվի առնելով պատճառված վնասի ծավալները: Գյուղացիական տնտեսությունների աջակցության չափն ու եղանակը պետք է որոշվի տեղերում՝ տեղական և մարզային իշխանությունների հետ համատեղ, իսկ աջակցության տրամադրման վերաբերյալ համապատասխան որոշումները պետք է հաստատվեն ավագանու նիստերում:
Շահառուների ցուցակները կհրապարակվեն նաև մարզպետարանների պաշտոնական կայքերում: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ջրօգտագործողների ընկերությունները նույնպես կկազմեն ոռոգման ջրի դիմաց 2014թ. վարձավճարների փոխհատուցման ծրագրի շահառուների ցուցակները, որոնք կհրապարակվեն նաև Ջրային տնտեսության պետական կոմիտեի կայքում:
Այնուհետև Ա. Ասատրյանը ներկայացրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից նախատեսվող օժանդակության ծրագրի առանձնահատկությունները:
Նշվել է, որ մեկ շաբաթվա ընթացքում կհստակեցվեն ծրագրի իրականացման մեխանիզմները:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ առաջիկա օրերին «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության տարածքային կենտրոնների և Գյուղացիական աջակցության մարզային կենտրոնների ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպումներ կկազմակերպվեն՝ ծրագրի առանձնահատկություններն ու իրականացման մեխանիզմները ներկայացնելու համար:
Ս. Կարապետյանը և մարզպետները ներկայացրել են գյուղացիական տնտեսություններին հասցված վնասի վերաբերյալ օպերատիվ տվյալները: Մարզպետները նաև հայտնեցին, որ որոշ համայնքների կողմից առաջարկ է եղել նախատեսված ռեսուրսների շրջանակում այլ կարգի աջակցություն ցուցաբերել, մասնավորապես՝ հակակարկտային կայանքներ տեղակայել:
Ա. Գևորգյանը նշել է, որ այս հարցում խնդիր չի տեսնում և առաջարկել է, որպեսզի նմանատիպ հարցերը քննարկվեն և որոշումներ ընդունվեն ավագանու նիստերում, որոնք էլ հիմք կհանդիսանան համապատասխան միջոցառումների իրականացման համար:
Մարզպետները տեղեկացրել են նաև, որ ներկայումս տեղերում բավականին ինտենսիվ աշխատանքներ են իրականացնում բանկային և վարկային կազմակերպությունները՝ գյուղացիական տնտեսությունների վարկային պարտավորությունների ուսումնասիրման և խնդիրների կարգավորման ուղղությամբ:
Ա. Անդրեասյանը ներկայացրել է գարնանային սելավային ջրերն ինքնահոս համակարգերի միջոցով տնտեսություններին հասցնելու նպատակով իրականացվող աշխատանքների ընթացքը: Ա. Գևորգյանն ընդգծել է, որ աջակցության ծրագրերի պատշաճ իրականացման խնդիրը լինելու է կառավարության ամենօրյա ուշադրության կենտրոնում և խորհրդակցության մասնակիցներին առաջարկել է հետևողական լինել, որպեսզի բոլոր աշխատանքները կատարվեն ժամանակին և ողջ ծավալով:
Նա նաև առաջարկել է, որպեսզի Գյուղատնտեսության, Տարածքային կառավարման, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների և մարզպետարանների աշխատակիցները տեղերում ներկայացնեն օժանդակության ծրագրերն ու պարզաբանեն աջակցության տրամադրման մեխանիզմները:








































