Սիրիական բանտերում պահվող հակակառավարական ցույցերի 15 հազար մասնակիցներից 53-ը, որոնք ձերբակալվել են վերջին երեք ամիսների ընթացքում Բաշար Ասադի դեմ բողոքի ակցիաներին մասնակցելու համար, բռնությունների զոհ են դարձել: Այս մասին հաղորդում է Al-Jazeera հեռուստաալիքը՝ հղում կատարելով «Տեղական համակարգող կոմիտեին», որը սիրիական ընդդիմության կառույցներից մեկն է:
Սիրիական իշխանությունները շարունակում են ցուցարարների, բլոգերների և լրագրողների ձերբակալությունները, որոնք ցանկանում են երկրում հասնել դեմոկրատական փոփոխությունների, հաղորդում է ընդդիմադիր կառույցը: Այս ամենը տեղի է ունենում նույնիսկ այն բանից հետո, երբ Ասադը հայտարարել էր երկրում «ազգային երկխոսության» և քաղաքական կայունության վերականգնման անհրաժեշտության մասին, փոխանցում է հեռուստաալիքը:
Հիշեցնենք, որ այսօր Բարաք Օբաման, ելույթ ունենալով CBS հեռուստաալիքով, հայտարարել է, որ Բաշար Ալ-Ասադն այլևս կորցրել է իր լեգիտիմությունը: Մեկ օր առաջ նմանատիպ հայտարարությամբ հանդես էր եկել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:










































