Ամերիկացի դերասան Բիլի Բոբ Թորնթոնը հարբեցողի դեր է խաղացել «Bad Santa» սև կոմեդիայում՝ իսկապես գտնվելով ծայրահեղ հարբած վիճակում: Նրա խոսքերը փոխանցում է Entertainment Weekly-ը:
Թորնթոնը պատմել է, որ տեսարանի վրա աշխատելիս, երբ նրա կերպարն առևտրի կենտրոնում հարբած վիճակում բարձրանում է շարժասանդուղքով և ընկնում նվերների կույտի մեջ երեխաների առջև, նա նույնիսկ չի գիտակցել, որ գտնվում է նկարահանման հրապարակում:
«Ես նախաճաշին երեք բաժակ կարմիր գինի էի խմել… Հետո անցա լոռամրգի հյութով օղու, իսկ այնուհետև մի քանի գավաթ գարեջուր խմեցի: Այն պահին, երբ նկարահանվում էր այդ տեսարանը, ես հազիվ էի գիտակցում, որ նկարահանվում եմ ֆիլմում»,- պատմել է դերասանը:
Թորնթոնը շեշտել է, որ ըստ սցենարի, նա կադրում պետք է հայտնվեր շարժասանդուղքին կանգնած, սակայն, ծայրահեղ հարբած լինելու պատճառով, չի կարողացել դա անել:
«Bad Santa»-ն թողարկվել է 2003-ին: Թորնթոնը մարմնավորել է ֆիլմի գլխավոր հերոսին՝ ալկոհոլից կախվածություն ունեցող գող Վիլլի Սոուկին, որը որպես Սանտա Կլաուս էր ներկայանում առևտրի կենտրոնում:











































