ԱԺ ոչ իշխանական քառյակը հայտարարություն է տարածել, որում տեղեկացնում է, որ օրենքի պարտադիր բաղադրիչի գործողությունը դադարեցնելու և քաղաքացիների ու գործատուների խախտված իրավունքները վերականգնելու համար առաջիկա օրերին խորհրդարան են ներկայացնելու նոր նախագիծ:
Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը նշեց, որ դա առավելապես քաղաքական ակցիա է, իրավական առումով այնտեղ խնդիրները քիչ են: Այն մեկ անգամ ևս ամրապնդելու է Սահմանադրական դատարանում ձեռք բերված հաջողությունը: «Լավ կլիներ, որ սա ուղղակի նախաձեռներ քաղաքական մեծամասնությունը, որովհետև բավական լարված իրավիճակ է գործատու-աշխատող, հարկային մարմին-գործատու հարաբերություններում: Ճիշտ կլինի՝ լիցքաթափվի այս լարված իրավիճակը, պետությունը, պետական կառույցները ձեռնարկեն այդ քայլը»,- ասաց նա:
Զեյնալյանի խոսքով՝ գործատուները պետք է հետևեն իրավունքի գերակայության սկզբունքին. եթե անձը չի տվել իր համաձայնությունը, ապա պահումներ չպետք է արվեն:
ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը նշեց, որ կարելի է ոչ թե սպասել՝ մինչև կառավարությունը նման նախագիծ ներկայացնի, այլ իրենք՝ պատգամավորները, ևս ներկայացնեն: «Պարտադիր բաղադրիչը կասեցված է, սակայն մյուս բաղադրիչները մնում են: ՍԴ-ն արդեն հիմնավորումները տվել է, թե ինչու չպիտի լինի, հետևաբար մենք՝ պատգամավորներս, կարող ենք մեխանիզմներ գտնել այդ հիմնավորումներով խորհրդարան նոր նախագիծ բերելու համար, բայց ես պատկերացնում եմ հետևյալը. ՍԴ որոշումից ելնելով՝ նրանք ստիպված են նոր նախագիծ ներկայացնել՝ փոփոխությունների ենթարկելու համար»,- ասաց նա:
Մարուքյանի խոսքով՝ Սահմանադրական դատարանը մինչև սեպտեմբերի 30-ը ժամանակ է տալիս, որպեսզի այդ խնդիրը օրենսդրական մակարդակով լուծեն, հետևաբար այդ խնդիրը կարող են լուծել միայն խորհրդարանի միջոցով, այսինքն՝ օրենսդրական փոփոխությունների միջոցով: Պատգամավորը նշեց՝ անկախ նրանից՝ նախաձեռնողը ով էր, պիտի նախաձեռնություն լինի, բայց նաև նախաձեռնություն է լինելու կառավարության կողմից. «Սպասենք, տեսնենք տարբերությունները»:
Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի











































