ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հոկտեմբերի 11-ին բանակցություններ է վարել Թուրքիայում։ Դրանց արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում հարցերից մեկը վերաբերել է Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ռազմական գործողության պատճառով Անկարայի դեմ պատժամիջոցներ ընդունելու ամերիկացի սենատորների սպառնալիքներին՝ տեղեկացնում է RIA Novosti-ն։
«Կարծում եմ՝ ճիշտ չի լինի, եթե ես սկսեմ շահարկել ենթադրական իրավիճակների շուրջ: Ես կարող եմ ասել, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի ուժեղ և հավատարիմ դաշնակիցն է, որը կարևոր է մեր հավաքական պաշտպանության և ընդհանուր առաքելությունների համար, այդ թվում ահաբեկչության դեմ պայքարում»,- ասել է նա լրագրողներին:
«Մենք աջակցում ենք Թուրքիային՝ ընդլայնելով օդային ու ծովային ներկայությունը: Այս տարիների ընթացքում ՆԱՏՕ-ն ավելի քան 5 մլրդ դոլար է ներդրել Թուրքիայի ռազմական օբյեկտներում, ներառյալ կարևոր ենթակառուցվածքը, ինչպիսիք են՝ ռազմածովային բազաները և ռադիոտեղորոշիչ կայանները»,- նշել է նա: «Թուրքիան մեծ երկիր է այս մեծ տարածաշրջանում, իսկ «մեծ ուժի հետ գալիս է նաև մեծ պատասխանատվությունը»,- հավելել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։