Եվրոպայի հայկական միությունների ֆորումի (ԵՀՄՖ) նախագահ Աշոտ Գրիգորյանը վարչապետի հրաժարականից հետո «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել էր, որ չի կարծում, թե ՀՀ նախագահը կարողանա իրենց համար ընդունելի թեկնածու դնել՝ այնպիսին, որ ընդունելի լինի և՛ բոլոր կուսակցությունների, և՛ քաղհասարակության, և՛ Եվրոպայի հայերի համար: Նրա կարծիքով՝ Հայաստանում այդպիսի անձնավորություն չկա․ «Այդպիսի անձնավորությունը կարող է լինել դրսից, այն էլ՝ չվարկաբեկված որևէ մեկը: Դրսում էլ նախագահը կարող է հիանալի գործարար մարդկանց գտնել, որոնք, ասենք, հեղինակազրկված են կամ հայրենասիրության ոչ պատշաճ մակարդակ ունեն»:
Այսօր, երբ մամուլում ակտիվորեն շրջանառվում է վարչապետի պաշտոնում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին նշանակելու հարցը, «Առաջին լրատվական»-ը Աշոտ Գրիգորյանից հետաքրքրվեց, թե ի՞նչէ կարծում՝ գոնե ԱԺ խմբակցությունների համար նա ընդունելի կլինի՞, ինչպես հայտարարում է Գալուստ Սահակյանը:
Մեր հարցադրմանն ի պատասխան՝ Գրիգորյանն ասաց․ «Ես ավելի քան համոզված եմ, որ նա սփյուռքում չի կարող ընդունվել, բայց այն, որ նա, որոշակի քաղաքական գործառույթներից ելնելով, կարող է ընդունելի լինել ընդդիմադիր կուսակցությունների՝ ԲՀԿ-ի համար, կարծում եմ՝ հնարավոր է, քանի որ հայաստանյան ցանկացած այլ թեկնածու լինելու էր ավելի վատը»,- ասաց նա:
Մեր այն դիտարկմանը, թե, փաստորեն, ստացվում է, որ Հովիկ Աբրահամյանը չարյաց փոքրագույնն է, Աշոտ Գրիգորյանը պատասխանեց․ «Ցանկացած այլ թեկնածու, ում անունը տային, հաստատ շատ ավելի վատն էր լինելու: Կարող եմ ասել, որ Հովիկ Աբրահամյանը չարյաց փոքրագույնն է:
Իսկ այն, թե մենք մեր ներդրումային ծրագրերով, մեր ժողովրդավարության ընկալումներով, հայրենիքի շուրջ մեր ծրագրերով ինչպես կարող ենք համագործակցել Հովիկ Աբրահամայանի հետ՝ կախված կլինի նրանից»։
Գրիգորյանն ավելացրեց, որ վարչապետ լինելու դեպքում Աբրահամյանը դժվար օրեր պետք է անցնի, որ արժանանա իրեն սատարելու, օժանդակելու ցանկությանը․ «Սակայն եթե դա կարողացավ անել, ապա ինչ-որ ժամանակ գուցե մենք լռենք:
Ամենայն հավանականությամբ, հաջորդ վարչապետը կլինի նա, ով բոլորիս ցանկությամբ կլինի: Իսկ Հովիկ Աբրահամյանը շատ կարճ ժամանակահատվածում մեզ պետք է կարողանա համոզել, որ հայաստանյան ներքաղաքական դաշտը պետք է ամբողջովին հավաքի իր շուրջը և մեր մակարդակին համահունչ աշխատի»:
Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի









































