Եգիպտոսի խոշորագույն բուհերից մեկում՝ Կահիրեի Այն-Շամս համալսարանում, ահաբեկչության փորձ է կանխվել: Անվտանգության ուժերը հայտնաբերել են պլաստիկ փաթեթներում թաքցված 12 պայթուցիկ սարք: Այս մասին հայտնում է «Ալ-Վատան» պարբերականը:
Ոստիկանության տվյալներով՝ տագնապ է հայտարարել բուհի անվտանգությունը, որն էլ ուսանողական ավանի տարածքում հայտնաբերել էր կասկածելի առարկաները:
Ապրիլի 2-ին ահաբեկչությունների շարք էր տեղի ունեցել Կահիրեի համալսարանի շենքի մոտ: Առաջինը պայթել էր բուհի ինժեներական ֆակուլտետի շենքի մոտ: Պայթյունի հետևանքով զոհվել էր մայրաքաղաքի շրջաններից մեկի ոստիկանության քրեական բաժնի պետ Թարեք Ալ-Մերգաուին: Տուժել էր 5 մարդ:
Երբ դեպքի վայրում բժիշկներ ու լրագրողներ էին հավաքվել, ևս մեկ պայթյուն էր որոտացել: Այդ ահաբեկչական գործողության հետևանքով ոչ ոք չէր տուժել: Ավելի ուշ հարակից տարածքի ուսումնասիրմամբ ևս մեկ ռումբ էր հայտնաբերվել՝ ծառին ամրացված: Սակրավորները վնասազերծել են այն:










































