Այսօր Նեպտուն մոլորակը կնշի իր առաջին «ծննդյան օրը»։ Հուլիսի 12-ին լրանում է 1846 թ. սեպտեմբերի 24-ին մոլորակի հայտնաբերման մեկ նեպտունյան տարին (Նեպտունի՝ Արեգակի շուրջ մեկ լրիվ պտույտը, որը կազմում է 164.79 երկրային տարի)։ Այս մասին տեղեկանում ենք BBC-ից։
Մարդկությունը դեռևս քիչ գիտի այս հեռավոր մոլորակի մասին։ Երկրագնդից 4.4 միլիարդ կիլոմետր հեռու այս մոլորակն առաջինն էր, որ հայտնաբերվել է առանց դիտակի՝ մաթեմատիկական հաշվարկների հիման վրա։ 1780 թ. Վիլիամ Հերշելի կողմից Ուրան մոլորակի հայնաբերումից հետո աստղագետները նկատեցին Ուրանի ուղեծրի տարօրինակ խոտորումներ, որոնցից եզրակացություն արվեց, որ դրանք հարուցվում են մինչ այդ անհայտ մոլորակի կողմից, որը կարծես «քաշում է» Ուրանին իր ետևից։
Այսպես սկսվեց մինչև այդ անհայտ ութերորդ մոլորակի փնտրտուքը։
«Այն եղել է բարդ մաթեմատիկական խնդիր։ Եթե դա համեմատելու լինենք խոտի դեզում ասեղ փնտրելու հետ, վերջինս մանկական 10 րոպեանոց խնդիր կարող է թվալ»,- ասում է դոկտոր Ալան Չեփմենը։
Երկարատև մաթեմատիկական հաշվարկներից հետո, երբ աստղագետները որոշեցին ստուգել դրանց ճշգրությունն ու 1846 թ. սեպտեմբերի 23-ին դիտակներն ուղղեցին երկինք, ընդամենը մեկ ժամ փնտրելով՝ առաջին անգամ դիտեցին Արեգակնային համակարգի նոր մոլորակը ճշգրտորեն այնտեղ, ուր, համաձայն հաշվարկների, այն պիտի և լիներ։
2006 թ. հետո, երբ ըստ նոր դասակարգման Պլուտոնը դադարեց համարվել մոլորակ (այն այժմ անվանում են մոլորականման օբյեկտ), Նեպտունը դարձավ Արեգակնային համակարգության վերջին հսկա մոլորակը։
Նեպտունի վերաբերյալ շատ բան հայտնի չէ, սակայն, այն ինչ գիտենք, բավարար է հասկանալու, որ հռոմեական ծովերի աստծու անվամբ այս ծովագույն այս մոլորակն աներևակայելիորեն խորթ է մարդու համար։ Այն այնքան հեռու է Երկրից, որ առանց դիտակի օգնության նրան տեսնել հնարավոր չէ։ Երկրագնդից 4 անգամ ավելի մեծ տրամագիծ ունեցող Նեպտունը հիմնականում բաղկացած է ջրածնից, հելիումից, հեղուկ և գազային մեթանից և հնարավոր է՝ չունի պինդ մակերևույթ։ Քամիները Նեպտունի մթնոլորտում կարող են հասնել 1,930 կմ/ժ աներևակայելի արագության։ Դրոնք հավանաբար ամենաարագ քամիներն են Արեգակնային ողջ համակարգությունում և տեսանելի են որպես մեծ «սև աչք» մոլորակի մթնոլորտում։ Նեպտունն ունի նուրբ օղակ և 13 հայտնի լուսիններ (արբանյակներ), որոնցից ամենամեծը՝ Տիտանը, նշանավոր է իր մեթանային գեյզերներով։
Մոլորակը մոտիկից նկարահանվել է միայն մեկ անգամ, երբ 1989թ. նրա մերձավորությամբ անցավ Voyager 2 տիեզերասարքը։ Նեպտունի վրա տարվա եղանակները 40 անգամ ավելի երկար են տևում, ուստի նկարներին երևում են միայն նեպտունյան «գարնան» և «վաղ ամառվա» «բնապատկերները»։
Չնայած Նեպտունի քամիները թույլ չեն տա ծննդյան թխվածքի վրա մոմեր վառել, այնուամենայնիվ ցանկանանք Նեպտունին բարի տարեդարձ և փորձենք որքան հնարավոր է հեռու մնալ այս հսկայից, քանի որ այն մեզ բարի գալուստ երբեք չի ցանկանա։










































