Ֆրանսիայի մի քանի քաղաքներում պահպանողական թևի արմատական հասարակական-քաղաքական խմբերի ակտիվիստները բողոքի ցույցեր են կազմակերպել՝ «Զայրույթի օր» կարգախոսով: Ցույցերն ուղղված են գործող իշխանությունների քաղաքականության դեմ: Առավել զանգվածային ակցիաներ անցկացվել են Լիլում և Թուլուզում՝ հայտնում է France Presse գործակալությունը:
Թուլուզում, ըստ ՆԳՆ տվյալների, զանգվածային ակցիային մասնակցել են ոչ միայն «Զայրույթի օր»-ի կողմնակիցները, այլև նրանց քաղաքական հակառակորդները՝ հակաֆաշիստները: Գործակալության հաղորդմամբ՝ Թուլուզում բողոքի ակցիային մասնակցել է մոտ 300 մարդ, որոնցից 9-ը ձերբակալվել է: Քաղաքի կենտրոնում տեղի են ունեցել բախումներ ոստիկանության հետ, որի ժամանակ ոստիկանության 6 աշխատակիցներ թեթև վնասվածքներ են ստացել:
Լիլի կենտրոնում ցույցին մասնակցել է մոտ 120 մարդ, որոնք բողոքել են «միգրացիայի թույլ վերահսկողության դեմ»: Ցուցարարները նաև պահանջել են նախագահ Օլանդի և վարչապետ Վալսի հրաժարականը, նաև դժգոհություն են հայտնել Եվրամիության քաղաքականության հարցում:
Մայրաքաղաք Փարիզում ցույցն ուղղված էր «ոստիկանության բռնության դեմ», որին մասնակցել է մոտ 200 մարդ՝ հիմնականում այն մարդկանց հարազատները, որոնք զոհվել են ոստիկանների ոչ իրավաչափ գործողությունների հետևանքով:









































