ԱՄՆ-ը պատրաստ է ընտրություններից հետո աշխատել Աֆղանստանի նոր նախագահի հետ և հույս ունի, որ այդ երկրում ժողովրդավարությունը կզարգանա՝ հայտարարել են ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և պետքարտուղար Ջոն Քերին: Այս մասին տեղեկացնում է Ria Novosti-ն:
«Ամերիկայի ժողովրդի անունից ես շնորհավորում եմ միլիոնավոր աֆղանցիներին, որոնք ոգևորությամբ մասնակցել են ընտրություններին: Դրանք խոստանում են լինել Աֆղանստանի պատմության մեջ իշխանության՝ ժողովրդավարական ճանապարհով առաջին փոխանցումը և աֆղանցիներին իրենց երկրի համար պատասխանատվություն կրելու կարևոր փուլ են, քանզի ԱՄՆ-ը և մեր դաշնակիցները դուրս են բերում իրենց ուժերը»,- ասված է Օբամայի հայտարարության մեջ:
Նրա խոսքով՝ նախընտրական քարոզարշավն առանձնացել է թեկնածուների ակտիվ և դրական բանավեճերով: «Այս ընտրությունները ծայրահեղ նշանակություն ունեն Աֆղանստանի ժողովրդավարական ապագայի ապահովման համար, նաև միջազգային աջակցության շարունակումը: ԱՄՆ-ը շարունակում է աջակցել անկախ, կայուն, միասնական և ժողովրդավարական Աֆղանստանին, և մենք սպասում ենք գործընկերության շարունակություն նոր կառավարության հետ»,- ասել է Օբաման:
ԱՄՆ պետքարտուղար Քերին նշել է աֆղան ընտրողների վճռականությունը, որոնք չեն վախեցել քվեարկել՝ չնայած բռնությանն ու բռնության սպառնալիքին: Նա նշել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է աշխատել Աֆղանստանի նոր նախագահի հետ:
Շաբաթ օրն Աֆղանստանի քաղաքացիներն ընտրել են երկրի բազմամյա ղեկավար Համիդ Քարզայի իրավահաջորդին:
Նոր նախագահի հիմնական հավակնորդներն են՝ երկրի ԱԳՆ-ն տարբեր ժամանակներում ղեկավարած Ռասուլ Զալմայը և Աբդուլլա Աբդուլլան ու ֆինանսների նախկին նախարար Աշրաֆ Գանի Ահմադզայը: Եթե թեկնածուներից ոչ մեկը շաբաթ օրվա քվեարկության արդյունքներով չստանա ընտրողների ձայների 50%-ից ավելին, մայիսի 28-ին կանցկացվի ընտրությունների երկրորդ փուլ:









































