Բանակային ստորաբաժանումներ են կանչվել Եգիպտոսի հարավ՝ Ասուանի շրջան, որտեղ միջկլանային բախումների հետևանքով զոհերի թիվը հասել է արդեն 22 մարդու: Զոհերի թվում են կանայք և մի փոքրիկ աղջիկ: Տուժածների թիվը մոտենում է 40-ի՝ հայտնում են եգիպտական ԶԼՄ-ները:
«Բենի հալալ» ցեղախմբի ու նուբիական «դաբուդիա» կլանի միջև կոնֆլիկտը սկսվել էր դեռ ապրիլի 4-ի առավոտյան, այդ ժամանակ հաղորդվեց 3 զոհերի մասին:
Շաբաթ գիշեր վեճը նոր ուժգնությամբ շարունակվեց, գործի դրվեցին հրազենային ու սառը զենքեր, ինչպես նաև դյուրավառ հեղուկով շշեր: Նոր բախումների հետևանքով զոհվեց ևս 19 մարդ, տասնյակ մարդիկ տուժել են, այրվել է մի քանի բնակելի տուն:
Բախումներին միջամտել է ոստիկանությունը, որը արցունքաբեր գազ է կիրառել ամբոխին ցրելու համար:
Բժիշկները չեն բացառում, որ զոհերի թիվը կարող է ավելին լինել, քանի որ շտապօգնության մեքենաները մինչ օրս չեն կարողանում հասնել դեպքի վայր, որպեսզի օգնություն ցուցաբերեն վիրավորներին:










































